ՔՊ-ի խնդիրներից մեկը Արցախի խնդրից ազատվելու գնով արտաքին վեկտրի փոփոխությունն է, որն ենթադրելու է նաև արևմտյան տխրահռչակ բարքերի փոխառում


14:51 , 1 օգոստոս, 2022
Հայաստանում ու տարածաշրջանում «FemInno» կանանց նորարարարության առաջին համաժողովին Ալենի տեղակալ Արշակյան Հակոբը, բարձրագոչ հայտարարություններ անելով ու հպարտանալով, որ սույն համաժողովը անցնում է հենց Հայաստանում, միաժամանակ հայտարարել է, թե համաժողովը մեծ հնարավորություն է՝ կոտրելու բոլոր տեսակի կարծրատիպերը հայ հասարակությունում: «Կանայք հզոր ուժ են. դուք եք փոխում, առաջնորդում, կրթում, ստեղծում և պաշտպանում: Կանայք են Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքի սիրտը. շատ բաներ կան ձեզնից սովորելու»,-մասնավորապես՝ հայտաարել է համաժողովը որպես տոն դիտարկած ՔՊ-ականը:

Այստեղ ուշագրավը թերևս ոչ թե Արշակյան Հակոբի ստանդարտ բնույթի հայտարարություններն են, այլ՝ բոլոր տեսակի կարծրատիպերը կոտրելու մասին նրա կատարած շեշտադրումը: Այդ ի՞նչ կարծատիպերի մասին է ակնարկել Արշակյան Հակոբը՝ նկատի ունենալով այն, որ ասենք հանրային կյանքում ու գործունեությունում կանանց ինքնադրսևորման ազատության հետ կապված Հայաստանում խնդիրներ, ըստ էության, չկան. մենք ինչ-որ հետամնաց աֆրիկյան կամ ասենք շարիաթի օրենքներով ապրող երկիր չենք, և հանուն արդարության պետք է արձանագրենք, որ տղամարդիկ էլ կանանց նման շատ հաճախ հանդիպում են սուբյեկտիվ ու օբյեկտիվ սահմանափակումների՝ պայմանավորված գլխավորապես սոցիալ-տնտեսական իրողություններով:

Հետևաբար՝ նմանօրինակ միջոցառումների իրական նպատակը բոլորովին այլ է՝ Արշակյան Հակոբի մատնանշած բոլոր տեսակի կարծրատիպերի կոտրումը, որի տակ նախևառաջ պետք է հասկանալ գենդերային խնդիրը. Հայաստանում շարունակում է աստիճանաբար բացվել «Օվերտոնի պատուհանը», որի վերջնական նպատակը երկիրը եվրոպական հասարակությունները ներսից կրծող ժամանակակից լիբերալիզմին բնորոշ քաոսային բարքերի (նախևառաջ սեռական) տարածումն է, և Արշակյան Հակոբի՝ կարծրատիպեր կոտրելու մասին հայտարարությունը պետք է առաջին հերթին ընկալել այդ տեսանկյունից:

ՔՊ-ի առաջնային խնդիրներից մեկը Արցախի խնդրից ազատվելու գնով արտաքին քաղաքականության վեկտրի փոփոխությունն է, որն ենթադրելու է նաև արևմտյան տխրահռչակ բարքերի փոխառում, ինչը կարող է կործանարար լինել հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով հատկապես անկում ապրած ազգային իմունիտետի, թշնամական միջավայրի գործոնները: Բայց դա հակոբարշակյաններին ընդհանրապես չի հուզում, քանի որ դրա դիմաց նրանք պահանջել ու ստացել են իշխելու իրավունքը: