21:47 , 29 օգոստոս, 2013
Ջորջ Բուշ կրտսերը, առաջնորդվելով ամերիկյան միլիոնատերերի պահանջներով, կամենալով իր երկրին վերապահել համաշխարհային ոստիկանի գործառույթը՝ սկսեց պատերազմական գործողությունները Աֆղանստանում և Իրաքում... Սա մեծ պատերազմի սկիզբն էր... Մերձավոր Արևելքում պատերազմական նոր ալիքի ,,ճարտարապետը,, դարձավ Բարաք Օբաման, որն արդեն այստեղ ամեն ինչ խառնել է իրար՝ այժմ կամենալով Սիրիայի միջոցով լուծել ողջ տարածաշրջանն ավերելու և հպատակեցնելու խնդիրները... Սիրիան Արևելքի հզորագույն տերությունն էր, որը վաղուց մխրճվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կոկորդում: Այժմ ԱՄՆ նախագահը գնում է մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ Մերձավոր Արևելքի ոչնչացման, ինչն էլ նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ, որովհետև պատերազմի ալիքը կտարածվի ողջ Մերձավոր Արևելքում, Իրանը, Եգիպտոսը կօգտագործեն առիթն ու կհարձակվեն Իսրայելի վրա, Թուրքիան հարվածելով Սիրիային՝ կհրահրի Ադրբեջանին՝ միանալ պատերազմական ճակատների ընդլայնմանը: Արևելքը կանցնի Եվրոպայի ոչնչացմանը՝ այսպես վրեժխնդիր լինելու համար կատարվածից... Դառն ու դաժան հեռանկար է, սակայն սա է պարտադրվող իրականությունը... Մենք Հայաստանում ոչինչ անել չենք կարող, հազիվ թե որևէ մեկը լսի Հայաստանի նման փոքր երկրին, բայց մեր հոգևոր առաջնորդները՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը, պիտի դիմեն Հռոմի սրբազան քահանայապետին, քույր եկեղեցիների առաջնորդներին՝ միանալու և պահանջելու Օբամայից և արյան հոտից չկշտացող մյուս առաջնորդներից՝ անհապաղ դադարեցնել գործողությունները Սիրիայի դեմ, հանգիստ թողնել պաշարման մեջ հայտնված խաղաղ բնակչությանը, վերջ տալ ագրեսիային, որն իրականացնում է ամենակուլ Ամերիկան... Գիտեմ, հիմա ոմանք կծաղրեն ինձ, կասեն, թե ո՞վ է լսելու մեր կաթողիկոսներին, բայց համոզված եմ, նրանց, իհարկե, գուցե չլսեն, բայց աշխարհի բոլոր հոգևոր առաջնորդներին կլսեն... Նաև կոչ եմ անում ամերիկահայությանը՝ պահանջել Օբամայից երաշխիքներ Սիրիայում շրջափակված մեր հայրենակիցների ապահովության համար...
Վեհափառ Տերեր, խնդրում եմ, աղաչում ու հորդորում, մի՛ հապաղեք, ոտքի կանգնեք, առաջին հերթին փրկեք սիրիահայերին... Աշխարհը Ձեր հուշարձանները կկանգնեցնի...