Նախարար դարձած առաքիչների շեֆի արձագանքը՝ քաղաքացու այն խոսքին, որ աշխատում է արհեստանոցում, հարկեր չի վճարում, բացառիկ ցինիկ է ստացվել


17:46 , 28 հուլիս, 2022

Քերոբյան Վահանը՝ ՔՊ վերնախավի հայելի

Կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների՝ վարձով բնակարանների վարձավճարների թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, երբ քաղաքացիներից մեկը մոտեցել էր Քերոբյան Վահանին՝ ներկայացնելով հիփոթեքային պայմաններով բնակարաններ ձեռք բերելու դժվարություններին առնչվող իր բողոքը, խնդրին լուծում գտնելու փոխարեն բախվել է Վահանի սաստիչ կոչին. «Փաստորեն՝ ձեր պարտավորությունները չեք կատարում պետության նկատմամբ, բայց գալիս, ձեր կողմից պահանջներ եք ներկայացնում։ Գնացեք, գրանցեք ընկերությունը, հարկերը վճարեք, հետո կգաք»:

Նախարար դարձած առաքիչների շեֆի արձագանքը՝ քաղաքացու այն խոսքին, որ աշխատում է արհեստանոցում, հարկեր չի վճարում, բացառիկ ցինիկ է ստացվել: Չունենալով մարդու կողմից բարձրացված հարցին կոնկրետ պատասխան՝ Վահանը ոչ միայն «խոսքը գցել է կտուրը», այլև դեռ մի բան էլ քաղաքացուն մեղադրել է՝ հարկեր չվճարելու համար:

Այս դեպքը գուցե կարող է դիտարկվել որպես մասնավոր մի բան, սակայն իրականությունն այն է, որ Քերոբյան Վահանի նման պահվածքը արտացոլում է ողջ իշխանական վերնախավի վերաբերմունքը: Որպես ապացույց կարելի է հիշատակել ասենք նույն Նիկոլի մասնակցությամբ աղմկոտ դեպքը, երբ իրեն մոտեցած քաղաքացու խնդրին ի պատասխան սկսել էր սեփական կյանքը պատմել ու կոչ արել գնալ ու աշխատել, ուրիշներին էլ պահանջ չներկայանցել ու չբողոքել. ինքը սեփական աշխատանքով է կյանքում մի բանի հասել,մյուսներն էլ թող գնան ու աշխատեն, ի՞նչ է, իրենից լա՞վն են: Հետո, իհարկե, տեսնելով հանրային լայն արձագանքը՝ կատարվածին, Նիկոլը փորձել էր շտկել իր սխալը, բայց դե եղածը եղած էր:

Հիմա նույն բանը Քերոբյան Վահանն է անում՝ օգնելով ևս մեկ անգամ համոզվել, որ ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև համայն հայության հոգսերն ու պետքերը ՔՊ-ականների վեջը չեն:

Հետաքրքիր է՝ ՔՊ-ականները հարկ մուծո՞ւմ են: Եթե մուծում են, բա ինչպե՞ս են շատ կարճ ժամանակահատվածում միլիոնատեր դարձել: Թե՞ հարկերը բարեխղճորեն մուծելով է, որ Աննայի սրտի օլիգարխները թրքասեր միլիարդատերերի են վերածվել՝ իրենցով անելով երկրի հարստության առյուծի բաժինը:

Իրականությունն այն է, որ հարկ մուծելու իմաստն էլ է վաղուց վերացել՝ նկատի ունենալով այն, թե հատկապես ինչի վրա են ծախսվում պետական բյուջեի միջոցները. նույնիսկ Վահանի համար մի շիշ արաղի փողն են բյուջեից առանձին դուրս գրում, որ տղեն ավելորդ ծախսի տակ չընկնի: