500-ից ավելի զինծառայողի հնարավորություն կտրվի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից


12:18 , 28 հուլիս, 2022

ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, ըստ որի, հնարավորություն է տրվում 500-ից ավելի զինծառայողի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հուլիսի 28-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի հաստատմամբ, ստացվում է, որ բնակարանային այս ծրագրի համար 2022 թվականի բոլոր հաշվառվածներին կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:

«ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման նախագծի ընդունման դեպքում ևս 526 զինծառայողի կհատկացի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված  և հաստատությունն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»,-ասաց Արման Սարգսյանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, մանրամասնելով ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է պետության կողմից սուբսիդավորում՝ մայր գումարի՝ 10 տոկոսի, և սահմանված տոկոսադրույքի՝ 3 տոկոսի չափով:

«2022 թվականին այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ վարկավորման տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Բոլոր հաշվառված զինծառայողները հնարավորություն կունենան օգտվել այս կարևոր, սոցիալական երաշխիքները բարելավող ծրագրից»,-ասաց Համբարձում Մաթևոսյանը: