Կուտակած կենսաթոշակների նվազումը անհանգստանալու պատճառ չէ․ սոցապ փոխնախարարը պարզաբանում է՝ ինչո՞ւ են ֆոնդերը բացասական եկամտաբերություն գրանցել


15:13 , 27 հուլիս, 2022

2022 թվականի երկրորդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային հաշվի հաշվետվություններում  նկատվել է կենսաթոշակային հաշվի մնացորդի նվազում։ Կենսաթոշակային կուտակային համակարգի մասնակիցները պարզել են, որ իրենց գումարների եկամտաբերությունը նվազել է։ Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության նվազումը մասնագիտական դաշտում պայմանավորում են ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակով։ Թեմայի հետ կապված Tert.am-ը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի հետ, որը նաև հանդիսանում է «Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ։

–Պարո՛ն Խաչատրյան,  տարվա առաջին եռամսյակի ավարտին կենսաթոշակային կուտակային համակարգի մասնակիցները պարզել են, որ իրենց գումարների եկամտաբերությունը նվազել է։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

–Առաջին դեպքը չէ, երբ կուտակային կենսաթոշակային հաշվի հաշվետվություններում եռամսյակային բացասական արդյունք է գրանցվում։ Նախորդ տարվա երկրորդ և երրորդ եռամսյակում ևս բացասական արդյունք է գրանցվել։ Առհասարակ ֆինանսական շուկան այդպիսին է։ Մի ժամանակահատվածում հնարավոր է բարձր եկամտաբերություն գրանցվել, որոշ ժամանակ անց կարող է լինել բացասական արդյունք։ Այս տարվա առաջին կիսամյակում պարտադիր  կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են բացասական եկամտաբերություն՝ - 8%-ից մի փոքր ցածր, որը պայմանավորված է եղել արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների անկումով ու արտարժույթի փոփոխություններով, մասնավորապես դրամի արժևորմամբ։ Այս հանգամանքների՝ միաժամանակ ի հայտ գալու հետևանքով առաջացել է նման էֆեկտ։ Այնուամենայնիվ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կառավարումը ունի երկարաժամկետ նպատակ և ֆոնդերի կատարողականը գնահատելիս՝ չպետք է հիմնվել միայն կիսամյակային  կամ եռամսյակային եկամտաբերության վրա, պետք է դիտարկել երկարաժամկետ հատվածի եկամտաբերությունը։ 2014թ.-ից սկսած, երբ ստեղծվեցին կենսաթոշակային ֆոնդերը և սկսեցին կառավարվել, մինչ օրս ապահովել են միջինում 76% կուտակային եկամտաբերություն, իսկ տարեկան միջին եկամտաբերությունը կազմել է 7%։ Առհասարակ, որոշակի եռամսյակային փոփոխությունները, այդ թվում բացասական իմաստով, ընդհանուր կատարողականի վրա երկարաժամկետ ազդեցություն չեն ունենում, մեր 8 տարվա պատմության մեջ չի եղել դեպք, որ ընդհանուր տարվա եկամտաբերությունը գրանցվի որպես բացասական։

–Հաշվի առնելով ֆինանսական աշխարհում առկա խնդիրները և ընդհանուր իրավիճակը, հնարավո՞ր է կենսաթոշակային հաշվի մնացորդի նվազումը շարունակական լինի։

–Այո, հնարավոր է։ Հաշվի առնելով ֆինանսական շուկայում առկա խնդիրները, կարող են կրկին գրանցվել այդպիսի երևույթներ, ոչինչ բացառել պետք չէ։ Եթե հետևենք ֆինանսական շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, կտեսնենք, որ պարտատոսմերի, արժեթղթերի առումով ինչ բացասական նշանով են օրը սկսում, բայց մեծ հաշվով դրանք ունենում են դրական կուտակում։ Այսինքն, մի քանի եռամսյակում բացասական եկամտաբերություն գրանցելը չի չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնենք համակարգի արդյունավետությունը։ Անկախ ամեն ինչից, երկարաժամկետ հատվածում մենք դրական գրանցումներ ունենք ու չի եղել տարի, որը փակվի բացասական եկամտաբերությամբ։ Հույս ունեմ, որ կվերականգնվի այս տարվա երրորդ և չորրորդ եռամսյակի եկամտաբերությունը, բայց եթե նույնիսկ այս տարվա կտրվածքով բացասական արդյուքն էլ գրանցի, դա անհանգստանալու առիթ չէ։

–Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ հիմնական գործիքակազմ է կիրառվում նվազման հնարավոր ռիսկերը զսպելու նպատակով։

Այս կիսամյակում մի քանի գործոններ համընկել են իրար հետ։ Պարտատոմսերի գների անկումը և դրամի արժևորումը ամենամեծ մասնաբաժինը ունեն այս ամենի մեջ։ Այդ հանգամանքներով պայմանավորված՝ կենսաթոշակային հաշվին առկա գումարների նվազումը անհանգստություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Բայց դոլարի փոխարժեքը, երբ օրինակ ունենում է հակառակ էֆեկտ, գրանցվում է դրական արդյունք, ինչի օրինակները ունեցել ենք նախորդ տարիներին։ Ինչ վերաբերվում է ռիսկերը կառավարելուն, ապա ֆոնդերի կառավարիչները, մասնագետները ակտիվների դիվերսիֆիկացման միջոցով փորձում են կառավարել այդ ռիսկերը։ Հայաստանի ֆոնդերի երկու կառավարիչները իմ գնահատմամբ բավականին լավ են կառավարել։ Եթե համեմատական անցկացնենք այս կիսամյակի առաջատար երկրների կենսաթոշակային ֆոնդերի կառավարչների գրանցած արդյունքի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանում պատկերը դրական է։ Նույն Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ու եկամտաբերությունը բացասական իմաստով 15%-ից բարձր է, Հայաստանում այն կազմում է մոտ 8%։

–Քաղաքացիները անակնկալի են եկել՝ տեսնելով կուտակված հաշվի արդյունքները։ Ինչո՞ւ քաղաքացիներին պատշաճ կերպով չի տեղեկացվել, որ հնարավոր են երևույթներ։

Քաղաքացիները պետք է ի սկզբանե իմանան, որ ֆինանսական շուկայում տատանումներ հնարավոր են՝ ընդ որում և՛ դրական, և՛ բացասական իմաստով։ Նախապես քաղաքացիներին տեղեկացնել, որ այս կամ այն չափով է լինելու եկամտաբերությունը, հնարավոր չէ, որովհետև ամեն օր ֆինանսական շուկայում ինչ-որ բան է փոխվում, ինչ-ինչ երևույթներ կարող են ի հայտ գալ, որոնք ուղղակի ազդեություն կարող են ունենալ կենսաթոշակային ֆոնդերի վրա։ Քաղաքացիների շրջանում առկա անհանգստությունը, կարծում եմ, նաև որոշակի ֆինանսական գիտելիքների պակասի հետևանք է, որովհետև ֆինանսական գիտելիքների բավարար մակարդակի դեպքում շատերի մոտ ավելի պարզ կլիներ, թե ինչ է կատարվում։ Այնուամենայիվ ևս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ անկախ կարճաժամկետ բացասական արդյունքից, երկարաժամկետ հատվածում ունենք դրական եկատաբերություն։