ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ Յան Լիպավսկիի հետ


19:48 , 26 հուլիս, 2022

Հուլիսի 26-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ Յան Լիպավսկիի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացումը՝ ուղղված քաղաքական երկխոսության օրակարգի հարստացմանը:

Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը, գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և ներդրումների խրախուսումը: Այս առումով նշվել է Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում շարունակական և նպատակաուղղված աշխատանքների և երկու երկրներում անցկացվող գործարար համաժողովների կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Յան Լիպավսկին մտքեր են փոխանակել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ամրապնդման նպատակով երկկողմ համագործակցության շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումները։ Չեխիայի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։

Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը: ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Չեխիային Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Արժևորվել է Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության կարևոր հարթակ:

Արարատ Միրզոյանը Յան Լիպավսկիին է ներկայացրել է նաև Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ` ընդգծելով, որ Ադրբեջանի առավելապաշտական հայտարարությունները խաթարում են այդ գործընթացների առաջմղմանն ուղղված ջանքերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։