Հայաստանի հետ սահմանները կբացենք, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան


11:59 , 26 հուլիս, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ  Էրդողանը թուրքական պետական «TRT» լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: 

«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը: 

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է  կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նորր Անկարան կբացի սահմանները․«Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: Մենք կբացենք մեր դռները այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է․«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։

Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան լուրջ ու վճռական է տրամադրված, հետապնդում է ամբողջական  կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար  հայերի մասին։

«Ներկա պահին Թուրքիայում կա ավելի քան 100 հազար հայ, որոնց մեջ կան և մեր քաղաքացիներ և ոչ մեր քաղաքացիներ, բայցայնպես քաղաքացիության թեկնածու հայեր։ Ահա սա է ցույց տալիս մեր մոտեցումը»:

Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ: