Նիկոլի աշխատակազմի պարզաբանումն իրականում աբողջական չէ, այլ ընդամենը քող է՝ կոծկելու Փափազյանին Հայաստան չթողնելու իրական դրդապատճառները


16:15 , 22 հուլիս, 2022

Խաբուսիկ ճամարտակություն

Նիկոլի աշխատակազմը, պարզաբանելով Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազյանի հանդեպ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելք սահմանելու փաստը, որպես դրա պատճառ է մատնանշել այն, թե իբր Փափազյանն է կանգնած եղել հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակման հետևում: Այսինքն՝ Փափազյանին Հայաստան չեն թողել ֆրանսահայերի բողոքի ակցայի պատճառով:

Թե որքանով են իրական իշխանությունների պնդումները, իհարկե, առանձին քննարկման հարց է, բայց եթե նույնիսկ Փափազյանն է կազմակերպել այդ բողոքի ակցիան՝ անելով դա ի սեր հայրենիքի, դա բավարար հիմք չէր՝ նման տրամաչափի ազգային գործչին Հայաստան չթողնելու՝ հատկապես նկատի ունենալով այն մարտահրավերների բնույթը, որոնց այսօր բախվում է Հայաստանը:

Չլինի՞ թե իշխանությունները կարծել են, թե Փափազյանը հիմա էլ այստեղ է իրենց դեմ բողոքի ակցիաներ կազմակերելու, նեղություն տալու Նիկոլի ավտոշարասյանը:

Հետո էլ իրենք իրենց համաշխարհային ժողովրդավարության ռահվիրաներ են հռչակում ու ցանկանում համոզել, որ չափազանց հանդուրժող են իրենց ընդդիմախոսների հանդեպ: Սա՞ է հանդուրժողականությունը, մի բողոքի ակցիան կարո՞ղ է սեպ խրել հայ ժողովրդի երկու հատվածների միջև՝ ի կատար ածելով թուրքերի երազանքը:

Դժվար չէ կռահել, որ Նիկոլի աշխատակազմի պարզաբանումն իրականում աբողջական չէ, այլ ընդամենը քող է՝ կոծկելու Փափազյանին Հայաստան չթողնելու իրական դրդապատճառները: Իսկ իրականությունն այն է, որ մարդուն Հայաստան չեն թողել, որպեսզի չստվերեն Հայաստան-Թուրքիա «երկխոսությունը»: Հայաստանում սպասված հյուրեր են միայն նրանք, ովքեր առաջ են տանում օտարների օրակարգը,իսկ բոլոր նրանք, ովքեր շեղվում են դրանից, կա՛մ պետք է նետվեն բանտերը՝ մեռնելու, կա՛մ մոռանան Հայաստան տանող բոլոր ճանապարհները: