Թուրքիան սպառնում է Թեհրանին


17:44 , 21 հուլիս, 2022

Թուրքիան սպառնում է Թեհրանին

Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոփը Ստամբուլում ընթացող Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան երկրորդ եռակողմ հանդիպման ժամանակ խոսել է տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, որ «Զանգեզուրի միջանցքն» անհրաժեշտ է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի կապերի ամրապնդման համար: Շենթոփը համոզմունք է հայտնել նաև, որ երեք երկրների ժողովուրդներին կապում են պատմամշակութային սերտ կապերը՝ հավելելով, որ ինչպես որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակեց արդարությունը, այդպես էլ այն կհաղթանակի Ջամմու և Քաշմիր շրջանների հետ կապված խնդրում:

Թուրք պաշտոնյայի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին արած հայտարարությունը կարելի կլիներ դասել շարքայինների շարքին (այդ մասին նա առաջին անգամը չէ, որ խոսում է), եթե չլիներ երեք կարևոր հանգամանք՝ Թեհրանում կայացած եռակողմ բանակցություններն ու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի՝ Հայաստան-Իրան սահմանների մասին արած հայտարարությունը, ինչպես նաև Պակիստանի անվան շոշափումը՝ «Զանգեզուրի միջանցքի» կոնտեքստում:

Պակիստանի հետ «Զանգեզուրի միջանցքով» կապվելու մասին խոսքերի նպատակը Պակիստանին նույնպես մեծ ու վտանգավոր խաղի մեջ ներքաշելն է՝ երկիր, որը, ինչպես հայտնի է, չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, պատերազմի օրերին էլ օգնել է ազերինեին: Միաժամանակ տվյալ պարագայում խոսելով Պակիստանի մասին՝ թուրքերը հստակ ուղերձ են հղում Իրանին, որ իրենք բոլոր դեպքերում ու ամեն գնով ստանալու են այդ միջանցքը, և եթե պետք լինի, ապա Պակիստանը չի վարանի ճակատ բացել Իրանի դեմ արևելքից: Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը Իրանին հասկացնում են, որ միայնակ չեն պատեազմելու Թեհրանի դեմ այն դեպքում, եթե Թեհրանը մնա անդրդվելի. ունեն դաշնակիցներ ի դեմս պակիստանցիների (և ոչ միայն):

Թուրք պաշտոնյայի հռետորաբանությունում նկատվում է նաև հստակ հակահնդկական ուղերձ, որի պատճառը կարող է լինել այն, որ Դելին մի քանի անգամ արդեն իր բացահայտ աջակցությունն է հայտնել պաշտոնական Երևանին՝ հասկացնելով, թե ով է տարածաշրջանում իր հիմնական ֆավորիտը (Հնդկաստանի համար ռազմավարական նշանակություն ունի Սյունիքը որպես տրանսպոտային կարևոր հանգույց): Պակիստանի գործոնը շեշտադրելու նպատակը նաև Հնդկաստանին հակակշիռ ստեղծելն է Կովասում:

Ինչպես կարելի է համոզվել, տարածաշրջանում իսկապես եռում են գործընթացները, որոնց հանգուցալուծումը կարող է դառնալ նոր ու մասշտաբային տարածաշրջանային պատերազմը՝ հատկապես նկատի ունենալով Ադրբեջանում Իսրայելի դեսպանի վերջին հակաիրանական ժեստը՝ Թավրիզի հետ կապված: