Եվս մեկ քայլ՝ դեպի բռնապետություն


15:49 , 21 հուլիս, 2022
Կառավարությունը հաստատել է դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որոնց շրջանակներում, բանից պարզվում է, բացի այն, որ նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկում, խիստ ուշադրության է արժանանալու նաև երկրի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների բարեվարքությունը, ու եթե այսօր միայն նոր համակարգ մտնող դատավորների բարեվարքությունն է ստուգվում, ապա այսուհետ ստուգվելու է բոլոր գործող դատավորների բարեվարքությունը նաև:

Թե ինչ նպատակ ունի բարեվարքության վրա այսքան կենտրոնանալը, այն, ըստ էության ֆետիշացնելը, դժվար չէ կռահել. Նիկոլը լուծում է դատաիրավական համակարգը իր տակը պահելու հարցը ու ներդնում համապատասխան մեխանիզմներ, որ իր տակից փախչողներ չլինեն: Նկատի ունենալով այն, որ ՔՊ-ի իշխանությունը Հայաստանում հենվում է բացառապես ուժային բլոկի վրա, բնական է, որ դատաիրավական համակարգը նույնպես այս պարագայում չէր կարող փոքրիշատե անկախ մնալ, իսկ դատավորներն էլ՝ անկաշկանդ: Մեխանիզմը պարզ է. ուժայինները իշխանությունների կողմից քաղաքական նկատառումներով որպես անցանկալի անձ դիտարկվող մեկի վրա գործ են կարում, ու որպեսզի ջուրը չընկնի իրավապահների անխոնջ աշխատանքը, դատաիրավական համակարգն էլ գործի իր մասն է անում՝ համապատասխան քաղաքացուն ուղարկելով «հանգստի»՝ բանտի ճաղերի հետևում:

Թե՛ բարեվարքության ու թե՛ հակակոռուպցիոն դատարանների հարցը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի ու ոչ մի իրական կապ չունի «ոլորտային բարեփոխում» հասկացության հետ: Ասել կուզի՝ Հայաստանը ևս մեկ կարևոր քայլ է անում դեպի բռնապետություն՝ որպես դրա հիմնական շահառու ունենալով ՔՊ-ական իշխանությանը, բայց ոչ երբեք շարքային քաղաքացուն: