Ադրբեջանը, հայաստանյան բնակավայրերի անվանումներն աղավաղելով, բացահայտ ագրեսիա է դրսևորում Հայաստանի սուվերենության ու հայ ժողովրդի ինքնության դեմ


18:12 , 20 հուլիս, 2022

Ադրբեջանի նոր ագրեսիան՝ Հայաստանի դեմ

Ադրբեջանի ախորժակը բուն Հայաստանի հանդեպ շարունակում է աճել, ինչի դրսևորման մի յուրատեսակ ձև է դարձել այն, որ Ադրբեջանի կառավարությունը որոշել է քաղաքացիության կամ ամուսնության ակտերի վերականգնման ժամանակ Հայաստանում ծնվածների բնակավայրերի անուններն այսուհետ գրանցել ադրբեջանական տարբերակներով՝ հիմնվելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունների վրա:

Թե ինչ է իրենից ներկայացնում այսպես կոչված Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան, դժվար չէ կռահել. մի կառույց է, որի բուն թիրախը Հայաստանն ու հայ ժողովուրդն է, հայերի ու նաև իրանցիների ինքնության հաշվին սեփական գոյությանն իմաստ տալը:

Ադրբեջանը, հայաստանյան բնակավայրերի անվանումներն աղավաղելով, բացահայտ ագրեսիա է դրսևորում Հայաստանի սուվերենության ու հայ ժողովրդի ինքնության դեմ: Ընդ որում՝ կարծիքը, թե ընդամենը տեղանուններն աղավաղելով՝ Բաքուն ոչնչի չի կարող հասնել, խիստ թյուր է, քանի որ տեղանուններից է հենց սկսվում հարևան երկրների նկատմամբ ունեցած նկրտուների լեգետիմացումը: Տեղանունների աղավաղումն ունի քարոզչական լրջագույն արժեք նախ՝ սեփական հասարակության ներսում համապատասխան տրամադրությունների գեներացման տեսանկյունից, ապա՝ հարկ եղած դեպքում ու հարմար ժամանակ նույն միջազգային հանրության աչքում ինտերվենցիայի արդարացման: Իսկ այն, որ Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ պատրաստվում է ինտերվենցիայի, թո՛ղ ոչ ոք չկասկածի, և նույն Իրանի հոգևոր, գերագույն առաջնորդի հայտնի հայտարարությունն ասվածի վառ ապացույցն է, քանի որ եթե Իրանը չտեսներ նման վտանգ, ապա բարձրագույն մակարդակով նման նախազգուշացմամբ հանդես չէր գա:

Ներկայիս Հայաստանը, եթե պետութուն լիներ, ապա պետք է իր բողոքի ձայնը բարձրացներ ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ նմանատիպ ճամարտակությունների առթիվ, բայց քանի որ Նիկոլը թուրքերի մարդն է, Իլհամի ազդեցութան գործակալը, ոչ մի արձագանք էլ պետք չէ ակնկալել: