Իրանը միջուկային հարվածով է սպառնում


16:11 , 18 հուլիս, 2022
Ինչպես տեղեկանում ենք միջազգային մամուլից, Քամալ Խարազին, որ ներկայումս զբաղեցնում է Իրանի Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահի պաշտոնը՝ հանդիսանալով նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդականը, բավական սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել՝ հեռուն գնացող ակնարկներով: Ըստ նրա՝ Իրանը ներկայումս միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություն ունի, սակայն վերջնական որոշում այդ առումով դեռևս կայացված չէ: Նա մանրամասնել է, որ իրենցից շատ կարճ ժամանակ կպահանջվի՝ ուրանի հարստացումը 90%-ի հասնցելու:

Խարազիի հայտարարությունները, փաստորեն, հնչում են բավական ուշագրավ իրավիճակում՝ Իրանի դեմ օրերս բիրտ ուժի կիրառման սպառնալիքներ հնչեցրած Ջո Բայդենի մերձավորարեևելյան այցի, Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող անհայտ արդյունքով բանակցությունների, ամերիկյան ԿՀՎ-ի ղեկավարի՝ Հայաստան կատարած այցի, Իրանում առաջիկայում կայանալիք Թուրքիա-Իրան-Մոսկվա բանակցությունների և այլնի ֆոնին: Խարազիի խոսքերը հստակ ուղերձ են պարունակում առ այն, որ Իրանի հետ ուժի դիրքերից խոսելն ու այդ երկրի կենսական շահերի անտեսումը կարող են անկանխատեսելի հետևաննքեր ունենալ այդ երկրի թշնամիների համար:

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար: Միանշանակ է ու անքննարկելի, որ միջազգային ասպարեզում Իրանի դիրքերի ուժեղացումը ձեռնտու է Հայաստանին՝ նկատի ունենալով հատկապես մեր երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող ներկայիս մարտահրավերների գործոնը: Խոսքը, իհարկե, առաջին հերթին Սյունիքի անձեռնմխելիության մասին է, որի անվտանգության ապահովման հարցում Իրանի դերն ուղղակի տիտանական է ու անուրանալի: Իրանը, հայտարարելով իր միջուկային կարողությունների մասին, փաստացի ստիպելու է գերտերություններին՝ թշնամի, մրցակից, թե բարեկամ, չխախտել իր համար կարմիր գիծ հանդիսացող սահմանները, և նկատի ունենալով, որ Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է «Զանգեզուրի միջանցք» կոչվող խեղկատակության հարցում իր կոշտ դիրքորոշման մասին՝ մեծ է հավանանակնությունը, որ Իրանին չի հաջողվի զիջումների տանել այդ խնդրում. Թեհրանը շատ լավ տեղյակ է Իսրայելի տարածաշրջանային ծրագրերի մասին և բնավ հակված չէ վստահել Իլհամի «ժպտացող» բեղերին:

Մնում է հասկանալ, թե Նիկոլի իշխանությունն ինչ դիրքորոշում ունի կամ ինչպես է դիրքավորվել այսքան բարդ իրավիճակում. պետք է բացառել Հայաստանի հակաիրանական կոալիցիայի մաս կազմելու հավանականությունը՝ նկատի ունենալով թե՛ դրա վտանգավորությունը, թե՛ արհեստածին լինելը, քանի որ Հայաստանն ու Իրանը բնական դաշնակցներ են՝ հատապես անվտանգային շահերով միմյանց ամուր փոխկապակցված: