Հայաստանը պետք է ադեկվատ մոտեցում ցուցաբերի առկա մարտահրավերներին


16:18 , 29 օգոստոս, 2013

ԿԳՆ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ նախագահը հայտարարեց, որ հաջորդ տարվանից աշխատավարձերի բարձրացում է սպասվում: «Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է»,- ասել է նա: Առաջին բանը, որն անմիջապես աչքի է ընկնում նախագահի հայտարարության մեջ, դա աշխատավարձի շոշափելի բարձրացման մասին տեղեկատվությունն է:

Համեմատելով ներկայացված ու այսօր համակարգում առկա թվերը` կստացվի, որ քաղծառայության համակարգում աշխատավարձերի ավելի քան 100%-ոց աճ է սպասվում: Ընդ որում՝ հայտնի է, որ բարձրացումները միայն քաղծառայության համակարգով չեն սահմանափակվելու: Հայտնի փաստ է՝ քաղծառայության և առհասարակ պետական սեկտորում աշխատավարձերը բավականին ցածր են, և չնայած յուրաքանչյուր տարի նկատվող գնաճին, այդ համակարգում տևական ժամանակ է որևէ բարձրացում չի եղել:

Իհարկե նախատեսված էր, որ դրանք փուլ առ փուլ պետք է բարձրացվեին 2008-13 թվականներին, սակայն ռուս-վրացական պատերազմի, ապա միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով հայաստանյան տնտեսությունը խորը պրոբլեմների առջև կանգնեց: Իսկ նոր մարտահրավերներին պետությունը պարտավոր էր ադեկվատ մոտեցում դրսևորեր, ինչը հնավարորություն կընձեռեր հնարավորինս քիչ կորուստներով զերծ մնալ անդառնալի զարգացումներից: Այսօր պետության խնդիրն է ոչ միայն վերականգնել ու նոր թափ հաղորդել տնտեսությանը, այլև ամեն ինչ անել երկիրը անկանխատեսելի ու անդառնալի կորուստներից զերծ պահելու համար: