Գիտնականները գտել են քաղցկեղի աճը կանգնեցնելու տարբերակը


16:18 , 29 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Դանիել Նոմուրան հայտնաբերել է, թե ինչպես կարելի է կանգնեցնել քաղցկեղային ուռուցքի տարածումը: Քաղցկեղային բջիջները, ըստ էության, հրահանգ են տալիս իրենց համար «սննդի» արտադրությունն ավելացնելու համար: Խոսքը լիպիդների մասին է, որոնք պարունակվում են խոլեստերինի մեջ: Վաղուց հայտնի է, որ չարորակ ուռուցքներում մեծ է լիպիդների թիվը: Սակայն մինչ այժմ գիտնականները չէին կարողանում գտնել, թե որն է դրա պատճառը:

Դանիել Նոմուրան կարծես թե գտել է պատասխանը: Պարզվում է, որ լիպիդներն ազդանշաններ են ուղարկում օրգանիզմին, որպեսզի այն շատացնի ուռուցքի համար անհրաժեշտ լիպիդների արտադրությունը: Դա էլ արագացնում է քաղցկեղի զարգացումը:

Գիտնականները փորձ են արել մկների վրա AGPS ֆերմենտի միջոցով, որը պատասխանատու է լիպիդների արտադրության համար: Մասնագետները մկների մի մասի մոտ «անջատել են» AGPS ֆերմենտը, ինչի արդյունքում մկները շարունակել են բարեհաջող ապրել:

Գիտնականների կարծիքով, AGPS ֆերմենտի ակտիվությունը ճնշող դեղամիջոցի ստեղծումը կարող է շրջադարձային լինել քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում: