Հովհաննիսյան Արթուրի աչքալուսանքը՝Մուկուչյանին


15:17 , 14 հուլիս, 2022
ՏԻՄ ընտրությունները խորհրդարանական ընտրությունների մոդելով անցկացնել պատրաստվող իշխանությունները պատրաստվում են նաև վերանայել ԿԸՀ աշխատողների աշխատավարձերը. դրանք, ըստ էության, կբարձրանան:

Ոմանց համար բարի լուր, բայց իր խորքում կոնկրետ քաղաքական հաշվարկ պարունակող այս նորությունը հայտնել է ՔՊ-ական Հովհաննիսան Արթուրը՝ խորհրդարանում:

Թե ինչու են որոշել ՏԻՄ ընտրություններն էլ անցկացնել խորհրարանականի մոդելով, դժվար չէ կռահել. պրակտիկան արդեն ապացուցել է, որ նման ընտրության ձևը խնդիրներ չի առաջացնում ՔՊ-ականների վերարտադրման համար: ՏԻՄ ընտրություններում ներդրված նոր կարգով այլ հարց չի լուծվելու՝ չնայած որպես հիմնավորում, իհարկե, բերվում է ժողովրդավարության մասին հայտնի լոլոները:

Ինչ վերաբերում է ԿԸՀ աշխատողների աշխատավարձերի փոփոխությանն առնչվող հարցին, ապա այստեղ նույնպես առանձնապես անհասկանալի ոչինչ չկա. Մուկուչյանի ենթակաների բարեկեցության մասին հոգ տանելու հիմքում ընկած է նրանց անմիջական մասնակցության խնդիրը՝ նույն այդ վերարտադրման գործում: Կարճ ասած՝ աշխատավարձերը վերանայում են, որ մարդկանց ստիպեն ավելի հավեսով հաշվել ու խփել ճիշտ թիվն ու տոկոսը:

Իշխանությունը պահելու ու ամրապնդվելու համար ՔՊ-ն փող չի խնայի. միլիոն չէ, միլիարդ էլ կտան, միայն թե պահեն իշխանությունը: