Հայ-թուրքական պրոցեսը Հայաստանի կողմից կառավարում են այնպիսիք, որոնց կենսագրությունը որևիցե վստահություն չի ներշնչում, հետևաբար՝ Հայաստանի թրքացման հեռանկարը խիստ հավանական է դառնում


18:13 , 12 հուլիս, 2022

Թո՛ղ Ռուբոն ականջին օղ անի

Ռուբինյան Ռուբոն, խոսելով ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետևանքով Հայաստանի թրքացման վտանգների մասին, մի հռետորական հարցադրում է առաջ քաշել.«Երբ որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարգավորման գործընթաց են փորձում Թուրքիայի հետ, իրենք չեն թրքացնում Հայաստանը, եթե մենք ենք փորձում, մենք թրքացնո՞ւմ ենք, և միակ պատճառն այն է, որ իրենց անունները Ռոբերտ և Սերժ է, մերը՝ Ռուբեն և Արարա՞տ»:

Հետաքրքիր հարցադրում է կատարել Ռուբոն, որ թերևս առավելապես հռետորական բնույթի է, սակայն չի կարող մնալ օդում: Ռուբոյի հարցադրման պատասխանը հետևյալն է՝ խնդիրը ոչ թե հայ-թուրքական հաշտեցման գործընթացն է՝սկզբունքորեն, այլ՝ այն, թե դրա գլխին կանգնածները կամ պրոցեսը պրակտիկորեն կյանքի կոչողներն ովքեր են ու ինչ սկզբունքներից են ելնում:

Նախկինները ՔՊ-ից շահեկանորեն տարբերվում են հենց թեկուզ նրանով, որ նրանց շարքերում օմեգաներ չկային՝ ի տարբերություն ներկաների, որոնց շարքերում վխտում են Թուրքիայի հետ տարբեր թելերով կապված պարմանիներն ու պարմանուհիները: Օրինակ՝ նույն Ռուբինյան Ռուբոն ուսումնառություն է ստացել նաև Թուրքիայում, արաբատների ու մարիակարապետյանների մասին խոսելն իսկ ավելորդ ենք համարում: Ասյինքն՝ հայ-թուրքական պրոցեսը Հայաստանի կողմից կառավարում են այնպիսիք, որոնց կենսագրությունը որևիցե վստահություն չի ներշնչում, հետևաբար՝ Հայաստանի թրքացման հեռանկարը խիստ հավանական է դառնում:

Մյուս կողմից՝ չափազանց էական է Հայաստանի ելման դիրքերի տաբերությունը՝ ներկայումս ու նախկինում: Նախկինում՝ նախքան հեղափոխությունը, Հայաստանը Կովկասում էական կշիռ ու հեղինակություն էր վայելում հասկանալի պատճառներով, իսկ հիմա դարձել ենք ջախջախված մի քվազիպետություն՝ կյանքի կոչելով թուրքերի դարավոր երազանքը: Իսկ սա մի իրավիճակ է, երբ Թուքիայի հետ ցանկացած մտերմություն այս կամ այն կերպով մեծացնելու է այդ երկրի քայքայիչ ազդեցությունը Հայաստանի վրա՝ տարածաշրջանում դարձնելով մեզ մեր իսկ թշնամիների խամաճիկը, ինչի վերջնարդյունքը դառնալու է Հայաստանի լիարժեք լիկվիդացումը:

Ահա սա է այսօր հայ-թուրքական հաշտության իրական էությունը ու գլխավոր նպատակակետը, ինչին ստրկաբար ծառայում են թրքասեր իշխանությունները՝ իրենց հաճախ միամիտի տեղ դնելով: