«Միամիտ աչքերով» ԱԽՔ-ը


14:12 , 12 հուլիս, 2022
ԱԽՔ Գրիգորյան Արմենը, սորոսական Անդրեասյան Ժաննայի մարդու հետ երկխոսության շրջանակներում անտեղյակ ձևանալով, հայտարարել է.«Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների: Չգիտեմ՝ ընդդիմությունը որտեղի՞ց է հայտարարություն տարածում նախապայմանների մասին»: Նա նաև հույս էր հայտնել, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո հանդիպումներ կլինեն և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում:

Գրիգորյան Արմենը, փաստորեն, Նեպտունի բնակիչ է՝սկաֆանդրն էլ գլխին քաշած: Նա չի լսել ու շարունակում է չլսելու տալ Թուրքիայից պարբերաբար հնչող հայտարարություններն ու բարձրագոչ ելույթներն այն մասին, թե ինչն է ընկած հայ-թուրքական ապասառեցվող հարաբերությունների հիմքում, և ինչ կլինի, եթե հիմքում ընկած բանը հանկարծ չլինի:

Արմենը, իհարկե, ինքնագլուխ ոչինչ չի հայտարարել՝ կրկնելով սեփական թիմի քարոզչական շուտասելուկները, բայց միամիտ մարդկանց կարող է թվալ՝սրանք այնքան ուժեղ տղերք են,որ թուրքերը վախեցել ու հրաժարվել են որևիցե նախապայման առաջ քաշելուց:

Իրականում պետք է արձանագրել, որ նախ՝ Թուքիան տարածաշրջանային խաղաղության համար շարունակում է նախապայման դիտարկել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ապա՝ հայտարարում, որ իրենք պատճառ չունեն՝ Հայաստանի հետ հին թշնամանքը շարունակելու, վասն զի արցախյան հարցը մեջտեղից վերացել է, վերականգնվել է Իլհամի տարածքային ամբողջականությունը և այլն: Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, ապա դա ՔՊ-ականների համար ընդհանրապես թեմա չէ, քանի որ իշխանությունը զավթելուց աննշան ժամանակ անց հարցը դուրս եկավ ՀՀ պետական օրակարգից՝ Թուրքիայի համապատասխան նախապայմանի իրագործման շրջանակներում: ՔՊ-ականները դա արեցին՝ առանց Թուքիայի անունը տալու այնպես, ինչպես հիմա են ի կատար ածում թուրք-ադրբեջանական տանդեմի պլանները՝ առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու: Հետևաբար՝ եթե Նիկոլը հենց սկզբից կատարել ու կատարում է Թուքիայի բոլոր նախապայմանները, ապա բնական է, որ Անկարան դեմ չի լինի Հայաստանը լավագույն դեպքում Աջարիա դարձնելուն: Հայ-թուրքական երկխոսությունն ու սիրախաղը սկսվեց միայն Հայաստանի՝ թուրքական նախապայմանների բավարարումից հետո, որը տեղի ունեցավ Էրդողանի ու Նիկոլի ընդհանուր տերերի հովանավորությամբ. Նիկոլ-Ալիև-Էրդողան եռյակի տերը դրսի նույն կենտրոնն է՝ անկախ այն բանից, թե երեք երկրների մայրաքաղաքներից ինչ հայտարարություններ են հնչում: