Նիկոլի հետ հեռախոսով շփվելուց հետո Էրդողանը զանգել է ՌԴ ղեկավարին


21:49 , 11 հուլիս, 2022

Մոսկվան ձեռքը պուլսին է պահում

Նիկոլի հետ հեռախոսով շփվելուց հետո Էրդողանը զանգել է ՌԴ ղեկավարին: Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմն ու Սև ծովում հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը։

Իրականում հեռախոսազրույցների առնվազը ժամանակային համընկնումը հուշում է, որ Պուտին-Էրդողան հեռախոսազանգի ընթացքում քննարկված թեմաների ցանկը, խիստ հավանական է, չի սահմանափակվել վերոհիշյալ հարցերի շրջանակով. Նիկոլի հետ խոսելուց հետո զանգել Պուտինին ու նրա հետ չխոսել Հայաստանի հարցով, գրեթե անհնարին բան է թվում՝ նկատի ունենալով հատկապես խնդրի շուրջ ՌԴ զգայունությունը:

Բանն այն է, որ ռուսական ազդեցիկ շրջանակներում հայ-թուրքական պրոցեսի վերաբերյալ տեսակետները միմյանցից հաճախ խիստ տարբեր են. ոմանք դրանում տեսնում են հստակ հակառուսականություն՝ թելադրված Արևմուտքի կողմից, ոմանք էլ՝ հնարավորություն՝ Թուրքիային իրենցով անելու, «Զանգեզուրի միջանցքի» վերահսկման միջոցով ողջ թյուրքական աշխարհը վերահսկելու, Թուրանից բխելիք վտանդները չեզոքացնելու ու այն ռուսական շահերի ծիր ներքաշելու:

Ինչ վերաբերում է ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը,ապա նշենք,որ Կրեմլից պարբերաբար ստացվող արձագանքները կարելի է բավական կառուցողական որակել՝ նկատի ունենալով նաև Մոսկվայի ուղիղ ներգրավվածությունը հայ-թուրքական երկխոսության գործում միջնորդներից մեկի կարգավիճակով՝ չնայած վերջին շրջանում կարծես այդ դերը փորձ է արվում ստվերել: Մոսկվան, ըստ էության, չկարողանալով կասեցնել իր համար առնվազը ռիսկեր պարունակող պրոցեսը, փորձում է այն կառավարել՝ առաջնորդվելով հայտնի ասույթի սկզբունքով: Մոսկվայի համար կարևոր է «ձեռքը պահել պուլսին» հատկապես մի պարագայում, երբ Երևանում իշխում է այնպիսի մի ուժ, որը թերևս դեմ չի լինի՝ երկիրը հանձնելու թուրքին: