Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց ու ակնկալիք հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կոչվեն


16:28 , 11 հուլիս, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: