Արցախի կարգավիճակի հարցում շաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի. Իշխան Սաղաթելյան (Video)


13:48 , 11 հուլիս, 2022

«Դիմադրույթուն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփեց Եվրոպական խորհրդարան իր այցի արդյունքները։ 

Նա հայտնեց, որ Եվրոպական խորհրդարանում բոլոր հանդիպումների ժամանակ գլխավոր օրակարգը եղել է Արցախը, արցախյան բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությունը, ուշադրության կենտրոնում է պահվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, քննարկվել են նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։


«Միջազգային կառույցներում, մասնավորապես, ԵԽ-ում, Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն, ու այդ հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահը։ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի, թեև ՀՀ իշխանությունները հակառակն են պնդում։ Այն բոլոր հանդիպումները, որ ես ունեցել եմ, պատահական մարդիկ չէին, Հայաստանի հարցով կարծիք ձևավորող, դիրքորոշում ու տեսակետ հայտնող պաշտոնյաներ էին, հստակ ու ընդգծված նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի», - ասաց նա:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ եվրոպացի գործընկերներին հայտնել է, որ ընդդիմությունը դեմ չէ խաղաղության օրակարգին, բայց խաղաղությունը չի կարող լիներ հայրենազրկման գնով․
«Ասել ենք`պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում բերել կայունություն. այս հիմնավորումներն իրենց համար շատ հասկանալի էին»։

Իշխան Սաղաթելյանը նաև ասաց, որ Հայաստանի իշխանությունները վարում են պարտվողական քաղաքականություն, իսկ  Ադրբեջանը հետաքրքիր է դարձել եվրոպական երկրների համար` հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող էներգետիկ «կրիզիսը»:

«Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը», - ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով` Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ իրենց մայրաքաղաքներին ու կազմակերպություններին զեկուցումները հաճախ ներկայացնում են միակողմանի, ոչ լիարժեք ու անիրական: