Սիրիական ճգնաժամը եւ մենք


14:35 , 29 օգոստոս, 2013

Պատերազմը սարսափելի բան է: Այս աքսիոմատիկ ճշմարտությունը գիտենք բոլորս՝ թե՛ դասագրքերից եւ թե՛ մեր իրական կյանքից:
Բայց կան իրադարձություններ, որ տեղի են ունենում մեր կամքից անկախ:
Սիրական իրադարձությունները սպառել են ներքին կարգավորման բոլոր ռեսուրսները, Ասադի ռեժիմը թքած ունի ոչ միայն սեփական հասարակության, այլ նաեւ՝ միջազգային հանրության վրա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոնսեսուս չի ձեւավորվում, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ միջազգային ուժային կենտրոնները ընդհանուրի են եկել արաբական այդ երկրում ռազմական գործողություններ իրականցնելու շուրջ:
Մշակված է գործողությունների առնվազն հինգ սցենար:
Սակայն, իմ կարծիքով՝ ռազմական գործողությունները կսկսվեն հենց այս գիշեր եւ կլինեն հրթիռային հասցեական հարվածների տեսքով:
Արտաքին ռազմական միջամտությունը, ի վերջո, հանգեցնելու է Ասադի անփառունակ ռեժիմի տապալմանը՝ շաբաթների կամ ամիսների ընթացքում:
Ասադին չեն փրկելու ո՛չ Չինաստանի լոյալությունը, ո՛չ Ռուսաստանի աջակցությունը եւ ո՛չ էլ՝ Արեւմուտքին ուղղված Իրանի սպառնալիքները:
Ռուսաստանն եւ Իրանը չունեն քաղաքական, ռազմական եւ բարոյական ռեսուրսներ՝ ՆԱՏՕ-ի ծրագրերին խոչընդոտելու համար:
Ռեսուրսների անհամաչափությունն ակնհայտ է: Օրինակ` դժվար է պատկերացնել, որ ռուսական սեւծովյան ռազմական նավատորմը կարող է դիմակայել Հյուսիսատլանտյան միջերկրածովյան էսկադրաներին:
Տարածաշրջանային լարվածությունն, անշուշտ, մեզ պետք է մտահոգի, որովհետեւ ռազմական գործողությունների թատերաբեմ կարող են դառնալ ոչ միայն Սիրիան, այլ նաեւ՝ մեր հարեւան Իրանն ու Լիբանանը, երկրներ, որոնցում հայկական մեծ գաղթօջախներ կան:
Սակայն խուճապի մատնվել պետք չէ:
Սիրիան մեզ բարեկամ երկիր է, սակայն մենք չենք կարող հակադրվել նաեւ համաշխարհային համատեքստին, այն նոր իրավիճակին, որը հետեւանք է բարեկամ ԱՄՆ-ի եւ մյուսների քաղաքականության:
Մեր քաղաքականության հիմքում պետք է լինի ռացիոնալ չեզոքությունը՝ տարածաշրջանային նոր իրողություններում մեր երկրի անվտանգությունն ավելի պաշտպանված դարձնելու, տարածաշրջանի այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու նպատակով: