14:14 , 29 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները չեն պատրաստվում Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Ռեյնդերսի՝ բելգիական Bel RTL-ին տված հարցազրույցին:
«Ո՛չ Միացյալ Նահագները, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ Ֆրանսիան, որոնք հանդես են եկել ռազմատենչ հայտարարություններով, չեն ցանկանում խորասուզվել պատերազմի մեջ: Այն, ինչ մեզ այսօր ասում են, սա է՝ պետք է պատժել, և ես դա հասկանում եմ: Այս պահին պետք է պատժել քիմիական զենք կիրառելու համար»,- ասել է նախարարը:
Ռեյնդերսի նշել է, որ խոսքը սահմանափակ ռազմական գործողության մասին է, որը տևելու է «մի քանի ժամ կամ օր»:
Նա նաև իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ ԱԽ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելուն, ինչպես նաև շեշտել է քիմիական գծով ՄԱԿ տեսուչների ուսումնասիրությունների արդյունքների կարևորությունը:
Նշենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այսօր հայտարարել է, որ կազմակերպության փորձագետները Սիրիայից կհեռանան օգոստոսի 31-ին: