Սուրիկի քողարկված խաղը


16:30 , 8 հուլիս, 2022
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ արդեն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայության անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով պետությունը կհատկացնի 3 սենյականոց (մինչև 90ք.մ.) բնակարաններ. դրանք համապատասխան պայմանների դեպքում կդառնան մարդկանց սեփականությունը:

Ողջունելի է թվում Պապիկյան Սուրիկի հոգածությունը՝ հայկական բանակի ծառայողների հանդեպ: Բայց բանակի ռեֆորմները, որոնց կյանքի կոչմամբ առաջիկայում զբաղվելու է Սուրիկը, և որի մի բաղկացուցիչ մասն էլ ԳՇ պետին սեփական տեղակալ դարձնելն է, փորձագետների ու բանիմաց զինվորականների կողմից արդեն իսկ արժանանում են հակասական գնահատականների. շատերն այս ամենում տեսնում են ծածուկ փորձ՝ կազմաքանդելու բանակն ու ստեղծելու այնպիսի մի վիճակ, երբ վերջնարդյունքում պարզ չի դառնալու՝ով ինչի համար է կրում կամ հնարավոր պատերազմի ժամանակ կրել պատասխանատվություն և այլն:

Հիմա փորձում են հերթական «PR» արշավը կազմակերպել՝ ցույց տալու, թե ինչպիսի օրինակելի գերագույն գլխավոր հրամանատար է «նոր» Հայաստանի տիրակալը: Իբր այնքան է սիրում հայոց բանակը, որ միջոցներ չի խնայում ու փեշով տներ, ունեցվածք է բաժանում զինվորականությանը՝ հանուն վաղվա հաղթանակների: Այս ամենն ակամա հիշեցնում է Աննայի ելակի հետ կապված տխուր պատմությունը, երբ իշխանությունը վերցնելուց գրեթե անմիջապես հետո պետական քարոզչական ապարատը սկսեց լծվել Աննայի բանակային ելակների գովազդին, թե բա՝ տեսեք՝ ինչ լավն է Նիկոլը, որ զինվորներին ոչ միայն կուշտ է պահում, այլև՝ օգնում վայելել կյանքի հաճույքները՝ Աննայի ընկերուհու աճեցրած ելակները պարբերաբար համտեսելով:

Թե ինչ եղավ ելակակերության արդյունքում, գիտեն բոլորը: Հիմա նույն պատմությունը կարող է ստացվել՝ այս անգամ արդեն Սուրիկի առատաձեռնության պահով: Իսկ թե ինչու են այս անգամ արդեն որոշել մեծ-մեծ բրդել, ակներև է. ելակի փոխարեն տուն են տալիս պարտված պատերազմի ու ապագա պարտություններում սեփական մեղքն է՛լ ավելի արդյունավետորեն քողարկելու նպատակով: