Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և բաց ու թափանցիկ մամուլի ասուլիսներ տալ


12:44 , 8 հուլիս, 2022
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը և կառավարության՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների  հետ ստորագրած Համագործակցության հուշագրում ներառված հաձնառությունը, որը վերաբերում է ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալուն: Freedom House-ն այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

Բացի այդ, իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի վարչապետին (Նիկոլ Փաշինյանին) լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի ուղիները, այդ թվում՝ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսների միջոցով՝ ապահովելու առողջ գործող ժողովրդավարություն։ 

«Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց և ժողովրդի հետ՝ հակազդելու ապատեղեկատվությանը, որը վտանգ է ներկայացնում Հայաստանի ժողովրդավարության համար երկրի համար կարևորագույն թեմաների շուրջ», - ասվում է կազմակերպության հաղորդագրությունում: