Սինձո Աբեին կրակած տղամարդը նախկինում ծառայել է երկրի ինքնապաշտպանության ծովային ուժերում


09:52 , 8 հուլիս, 2022

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդը նախկինում ծառայել է երկրի ինքնապաշտպանության ծովային ուժերում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Nihon TV հեռուստաալիքին։

Նշվել է, որ 41-ամյա Տեցույա Յամագամին եղել է երկրի ինքնապաշտպանության ծովային ուժերի զինծառայող։ Նա կալանավորվել է անմիջապես այն բանից հետո, երբ մի քանի անգամ կրակել է Աբեին, որը նախընտրական ելույթ էր ունենում Նարա քաղաքում։ Ներկայում ոստիկանությունը հարցաքննում է կալանավորվածին, հանցագործության դրդապատճառների մասին չի նշվում։ Յամագամին կրակել է ինքնաշեն զենքից։

Ուրբաթ օրը Աբեի դեմ մահափորձ է կատարվել Նարա քաղաքում նրա ելույթի ժամանակ։ Նախկին վարչապետը անգիտակից վիճակում եւ արնահոսելով տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես ՏԱՍՍ-ին տեղեկացրել են շտապօգնության ծառայությունում, նախկին վարչապետը ծայրահեղ վիճակում է՝ «սրտի եւ թոքերի կանգ». Ճապոնիայում այսպես են անվանում կլինիկական մահը, որը կարող է հաստատել միայն հատուկ լիազորված բժիշկը, բայց ոչ փրկարարները։