18:09 , 7 հուլիս, 2022Tert.am-ը գրում է․
Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է ամենամյա Սան Ֆերմին փառատոնը՝ ցլավազքը, որի ընթացքում տասնյակ ցլեր նեղլիկ փողոցներով վազում են կարմիր-սպիտակ հագած հարյուրավոր մարդկանց հետևից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, առաջին օրվա ընթացքում գրանցվել է 5 վիրավոր, սակայն նրանցից ոչ մեկը պոզահարված չէ:
Աղբյուրը նկատում է, որ Սան Ֆերմին փառատոնի օրերին իսպանական քաղաք են եկել հազարավոր արկածախնդիր զբոսաշրջիկներ, որոնք տեղացիների հետ մասնակցում են ցլավազքին:
Հայտնի է, որ փառատոնն ունի կրոնական ծագում ու սկսել է նշվել Միջին դարերում: Սակայն առայսօր մասնակիցները վազքից առաջ աղոթում են Սան Ֆերմին սրբին ու նրա օրհնությունը խնդրում ցլավազքի համար:
Նշենք, որ ցլավազքը սկսվում է առավոտյան ժամը 8-ին ու տևում 3-5 րոպե: Ցլավազքի ամենավտանգավոր հատվածն արենային մոտ բաց տարածքն է, որտեղ մարդիկ պատսպարվելու տեղ չունեն:
Ցլավազքի կանոնների համաձայն՝ ցլերից կարելի է պաշտպանվել միայն ծալված թերթերով:
Նշենք, որ փառատոնը համաշխարհային համբավ է ձեռք բերել Էռնեստ Հեմինգուեյի «Ֆիեստա» վեպի հրատարակումից հետո (1926թ):












