ՀՀ Կառավարությունը մերժել է նվազագույն ամսական աշխատավարձերը 75 000 դրամ սահմանելու առաջարկը


13:18 , 29 օգոստոս, 2013

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում մերժել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների` 2014 հունվարից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձերը 75 000 դրամ սահմանելու առաջարկը: Մեր առաջարկում ներկայացված էին հստակ հիմնավորումներն ու ուղիները, սակայն Կառավարությունը հերթական անգամ մերժում է ԲՀԿ-ի՝ ի օգուտ քաղաքացու արվող առաջարկներն ու նախագծերը, օրինակները բազմաթիվ են։ Բայց միևնույն ժամանակ քաղաքական մեծամասնության ու կառավարության շատ անդամներ հաճախ մեղադրում են ԲՀԿ-ին խնդիրները քաղաքականացնելու և իրենց աշխատանքը չգնահատելու մեջ։ 
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի պարզաբանմամբ` 2014թ. հունվարից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կսահմանվի 50.000 դրամ, սրանով նաև աղքատության վերին շեմը կհաղթահարվի, 2015թ. նվազագույն աշխատավարձը սահմանվելու է 55.000 դրամ, իսկ 2016թ.՝ 62.500դրամ: 
Վստահ եմ, որ մեր քաղաքացիների ապրելու պայմանները տարեկան 5000-10000 դրամ ավելացման պայմաններում ոչ միայն չեն լավանա, այլև տեղի ունեցող աննախադեպ գնաճի պայմաններում կատաստրոֆիկ աստիճանի կվատթարանան։
Հ.Գ. «Համաչափ զարգացման» փոխարեն մտածեք անհամաչափ արտագաղթի մասին։