Ռուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին


18:20 , 5 հուլիս, 2022

Lurer.com-ը գրում է. 

2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Ռուսաստանը չի մասնակցի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը։

Մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում, քանի որ նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում 224 ձայնով հաղթել է երիտասարդ երգչուհի Մալենան։

«Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական «Եվրատեսիլ» XX միջազգային երգի մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի եւ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու կապակցությամբ:

Կազմակերպությունների դուրս գալը կապված էր EBU-ի որոշման հետ։ Նրանք Ռուսաստանին 2022 թվականին հեռացրել են Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։