Մարալների ֆոնին նկարահանվելուն զուգահեռ Նիկոլը մի ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ


15:19 , 5 հուլիս, 2022
Մարալների ֆոնին նկարահանվելուն զուգահեռ Նիկոլը մի ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ՝ թաթախված պոպուլիզմով ու իրեն հատուկ դեմագոգիայով:

Օրինակ՝ մեկնաբանելով Սահմանադրության այն կետը, ըստ որի՝ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, Նիկոլը հայտարարել է, թե 2018-ի հեղափոխությամբ իրենք լուծել են այդ խնդիրը, և իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է,իսկ իրենց խնդիրն է հայկական ժողովրդավարությունն երկրի անվտանգության տևական գործոնի վերածումը: Ի դեպ՝ Նիկոլը չի մոռացել նաև նեղսրտել իր իշխանությունը հայհոյողներից՝ արձանագրելով, որ խախտվում են Սահմանադրության 3-րդ հոդվածի դրույթները: «Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի»,-սրտնեղել է Նիկոլը:

Նիկոլն ակնհայտորեն մանիպուլացրել է ու իրականությունը ներկայացրել հակառակից: Հարց է առաջանում՝ եթե կյանքն ապացուցել է, որ 2018-ի հեղափոխությունը բացառապես անվտանգային աղետ է բերել Հայաստանի գլխին, ապա ինչպե՞ս է դրա առաջնորդը պատրաստվում «հայկական ժողովրդավարությունը» անվտանգային թիվ մեկ գործոնի վերածել հատկապես մի պարագայում, երբ երրորդ համաշխարհայինի առջև կանգնած աշխարհում բոլորը խորապես թքած ունեն Նիկոլի չեղած ժողովրդավարության վրա, ինչի ապացույցը, օրինակ, պատերազմն ու դրա միջազգային արձագանքն էր, ավելի ճիշտ՝ պատշաճ արձագանքի բացակայությունը, ինչպես նաև ներկայիս ադրբեջանամետ գործընթացները. ուժային կենտրոնները համբուրում են Ալիևի ճակատը՝ թքելով Նիկոլի երեսին:

Ինչ վերաբերում է ազատ խոսքը հայհոյախոսության հիմքով փնովելուն, ապա այստեղ էլ ամեն ինչ հստակ է. մի կողմից՝ ինքդ պետք է չդառնաս հայհոյանքի աղբյուր կամ ատելության խոսքի քարոզիչ ասենք սոցիալական հարթակներում՝ իբր չեզոքացնելու քննադատությունը, մյուս կողմից՝ պետք է աշխատել այնպես, որ մարդիկ քեզ չհայհոյեն, չատեն, այլ առնվազն ընմռնումով մոտենալ այն ամենին, ինչ անում ես: Այս երկուսի պարագայում էլ Նիկոլը շահեկան դիրքերում չէ և վաղուց ապացուցել է, որ հենց ինքն է թե՛ հայհոյախոսության աղբյուրը, թե՛ դրա պատճառը, և սա այն դեպքն է, երբ ոչ մի օրենք իրավիճակը չի կարող շտկել:

Կեցցե հուլիսի 5-ը…