2 ամսվա զինծառայող լինելով հանդերձ Զորիկը թշնամու դեմ հերոսաբար մարտնչեց մինչև հոկտեմբերի 10-ը. նա լավ գիտեր Արցախի հողի գինը. 90-ականներին զոհվել էր նրա քեռին


09:52 , 5 հուլիս, 2022
Հունիսի 30-ին Շահրամանյան Զորիկի 20-ամյակն էր, իսկ 20 օր անց՝ հուլիսի 20-ին, նա պետք է զորացրվեր ու գար տուն։ Բայց ավաղ, արդեն երկրորդ տարին, Զորիկի ծնողները նրա ծննդյան օրն առանց նրա ֆիզիկական ներկայության են նշում։
Զորիկը՝ Զոկան, Արցախից էր, Ստեփանակերտում էր ծնվել ու մեծացել։ Ցանկանում էր ճարտարապետ դառնալ։ 2020թ. հուլիսի 4֊ին ընդունվել է Երևանի Ճարտարապետական համալսարան, բայց այդպես էլ չհասցրեց զգալ ուսանող լինելու հաճույքը։ Հուլիսի 20-ին զորակոչվեց բանակ, Հադրութի «Արա լեռ» հրետանային զորամասում էր ծառայում։
Զոկան լավ գիտեր հայրենի Արցախի հողի գինը. արցախյան առաջին պատերազմում զոհվել էր նրա քեռին։ Ու երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, նա 2 ամսվա զինծառայող էր, բայց դա նրան չխանգարեց կռվի առաջին իսկ օրերից առաջնագծում լինել։
Նորակոչիկ լինելով հանդերձ նա թշնամու դեմ հերոսաբար մարտնչեց մինչև հոկտեմբերի 10-ը։ Այդ օրը, Վարանդայի (Ֆիզուլի) Ղարղաբազար տեղամասում, հակառակորդի կողմից հրետակոծվում է Զորիկենց ստորաբաժանման շարասյունը։ Զորիկը զոհվեց տեղում...
Լույսերի մեջ մնաս, Զոկա ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, քաջ տղա։