Չգիտեմ` որտեղից եք լսել նման բան․ Վլադիմիր Վարդանյանը՝ Բերձորը հանձնելու մասին


14:03 , 1 հուլիս, 2022

Քանի դեռ կիսամյակի ամփոփումը չկա, ես վաղ եմ համարում անդրադառնալ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը պարբերաբար հնչեցնում է այն հարցը, որ օրակարգային կարևորը հարցը Բերձորի հանձնումն է, իսկ իշխանությունը շրջանցում է այդ հարցը՝ կեղծ օրակարգ առաջ բերելով, պատգամավորը ասաց․

«Բացարձակապես չեմ արձագանքի այդ հայտարարություններին, փորձ է կատարվում ցանկացած ոչ իրավափաչ վարքագիծ ծածկել ինչ-որ էմոցիոնալ թեմայով։ Շատ դեպքերում էլ այդ էմոցիոնալ թեմաները իրականության մեջ գոյություն չունեն»։

Հարցին՝ հիմա օրակարգային հարցը Բերձորի հանձնո՞ւմն է, թե  ընդդիմությանը պաշտոններից զրկելու հարցը, Վարդանյանը պատասխանեց․

«Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան և այդ խնդիրը որտեղից է առաջացել։ Ես հիմա չեմ պատրաստվում պատասխանել այդ հարցին։ Ընդհանրապես պետք է զերծ մնալ այնպիսի հարցերի հրապարակային քննարկումից, որոնք կարող ենք վտանգել տարածաշրջանային անվտանգությանը»։