Թուրքիան Ալիևի շուրթերով փաստացի սպառնում է Հայաստանին ու պահանջում «Զանգեզուրի միջանցքը»


19:29 , 27 հունիս, 2022

Թուրքերը ձեռք չեն քաշում

Ալիևի սպառնալից հայտարարությունների ֆոնին Չավուշօղլուն է հերթական անգամ խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների՝ Բաքվում տեղի ունեցած առաջին եռակողմ հանդիպմանը հայտարարելով, թե Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի և Ղազախստանի հետ Արևմուտքի և Արևելքի միջև Միջանցիկ տրանսպորտային միջանցքի զարգացման համատեղ քայլերի: «Սպասում ենք ամենակարճ ժամկետում Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև»,-մասնավորապես՝ ասել է Չավուշօղլուն՝ հարցը կարևորելով հատկապես Միջին Ասիա դուրս գալու թուրքական պլանների կոնտեքստում:

Ակնհայտ է, որ Ալիևի սպառնալիքների ու Էրդողանի արտգործնախարարի հայտարարությունների սինքրոնությունը պատահական չէ. Թուրքիան Ալիևի շուրթերով փաստացի սպառնում է Հայաստանին ու պահանջում «Զանգեզուրի միջանցքն» այն դեպքում, երբ Երևանը խոսում է տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում ունեցած շահագրգռվածության մասին՝ պայմանով, որ այդ ճանապարհը կգտնվի Երևանի սուվերենության ներքո: Հետևաբար՝ հարց՝ եթե Հայաստանը հաղորդակցության ուղիները բացում է, ապա ինչո՞ւ է թուրքական կողմը սպառնալից տոնով խոսում այդ հարցի շուրջ՝ Ալիևին բորբոքելով Հայաստանի դեմ: Խնդիրը ճանապարհների շահագործման ժամկետնե՞րն են, թե՞ դրանց բնույթը, իրավական ստատուսը:

Կասկած չկա, որ թուրքերին պետք չեն ուղղակի կոմունիկացիաներ, այլ պետք է սուվերեն տերիտորիա՝ իրենց սեփականը՝ Միջին Ասիան անխոչընդոտ կերպով իրենցով անելու համար, և քանի որ այդ հարցում նույն թուրքերը Հայաստանը դիտարկում են՝սպառնալիք, ուստի պետք է որ այդ ճանապարը չգտնվի ո՛չ Երևանի, ո՛չ էլ Մոսկվայի հսկողության տակ՝ նկատի ունենալով Միջին Ասիա դուրս գալու թուրքերի ձգտման հիմնական նպատակը՝ այն ՌԴ-ից պոկելը, որը լիովին տեղավորվում է նաև ՆԱՏՕ-ի ռազմավարության տրամաբանության ծիրում:

Մոսկվան հայտարարել է, որ ճանապարհը կամ ճանապարհները գտնվելու են Հայաստանի ինքնիշխանության ներքո, ու ոչ մի միջանցքային տրամաբանություն չի լինելու: Դրան թուրքերը հակադարձում են «Զանգեզուրի միջանցք» անհասկանալի եզրույթի արծարծմամբ՝ այն համեմելով ալիևյան սպառնալիքներով, ինչը, իհարկե, վտանգավոր է՝ նկատի ունենալով հատկապես Երևանում թառած Նիկոլի թրքամետ աշխարհայացքն ու հողերը պատերազմով հանձնելու նրա ունեցած պրակտիկան:

Նոր ու ավերիչ պատերազմի մասին խոսում են թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում, Մոսկվայում էլ առնվազը նշմարում են դրա վտանգը, ու եթե թուրքերը պահը որսան, ապա անպայմանորեն անելու են այդ պատերազմը՝ Մեղրին կտրելու միջոցով Միջին Ասիա դուրս գալու, Իրանին ծանր վիճակում դնելու:

Որքա՞ն կհանդուրժի Մոսկվան այս վիճակը, դժվար է ասել, բայց նախքան ուկրաինական հարցի կարգավորումը Կրեմլը դժվար թե կտրուկ քայլերի գնա: