Ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումը. Չավուշօղլուի հայտարարությունը Բաքվում


18:16 , 27 հունիս, 2022

Tert.am-ը գրում է․

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ջերմացմանն ուղղված երկխոսությանը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) անհապաղ բացմանը, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, գրում է Anadolu-ն։

Իր ադրբեջանցի և ղազախ գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Մենք վճռականորեն աջակցում ենք «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները՝ Tert.am), որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։

Երկուշաբթի ավելի վաղ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եռակողմ հանդիպում է կայացել Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների միջև։

«Մենք ակնկալում ենք միջանցքի անհապաղ բացումը»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այս զարգացումը «դրական ազդեցություն» (չակերտները՝ Tert.am) կունենա տարածաշրջանի վրա։