«Չեմ ուզում կարծիք հայտնել, թե ինչպես եմ գնահատում Գագիկ Ջհանգիրյանի արտահայտությունները, ԲԴԽ-ում հանձնախումբ ենք ձևավորել». Դավիթ Խաչատուրյան


14:41 , 27 հունիս, 2022

168.am-ը գրում է․

ԲԴԽ գիտնական-անդամ Դավիթ Խաչատուրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև տեղի ունեցած խոսակցության սկանդալային ձայնագրության մասին, նշեց, որ այս պահին այդ ձայնագրության բովանդակությանը չի կարող գնահատական տալ։

Նա տեղեկացրեց, որ խորհրդի կազմի անդամներից ձևավորվել է հանձնախումբ, որին, իր հիշելով՝ 5 հոգի միացել է։

«Մենք պարոն Վարդազարյանին խնդրել ենք, որպեսզի մեզ տրամադրի ամբողջական, չաղավաղված ձայնագրությունը, որպեսզի ամբողջական և ադեկվատ գնահատական տրվի այդ խոսակցության մասնակիցների արտահայտություններին և այլն։ Պարոն Վարդազարյանը պայմաններ է նշել, կարծեմ, Ֆեյսբուքում՝ նշելով, որ պաշտոնապես դիմենք»,- նշեց Դավիթ Խաչատուրյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք դատական համակարգին միջամտել չէ՞ այն, որ ձայնագրությունում Ջհանգիրյանը Վարդազարյանին ասում է՝ չի թողել այս կամ այն քրեական գործը հարուցվի, Դ. Խաչատուրյանը պատասխանեց, որ իրավապաշտպանների կողմից շրջանառվում են վարկածներ, որոնք ունեն կյանքի իրավունք, վարկածներ հնչել են նաև Գագիկ Ջհանգիրյանի կողմից Հանրային հեռուստաընկերությամբ։

«Դրանք պետք է քննվեն օբյեկտիվ ու բազմակողմանիորեն։ Որքանով ինձ հայտնի է, հիմա նախապատրաստվում են նյութեր, և սպասենք համապատասխան քրեադատավարական ընթացակարգերով համապատասխան որոշումների կայացման։ Ասում եմ՝ այդ արտահայտությունների մոտիվների վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվել՝ դրա մասնակիցների և հարցազրույցը լսած անձանց կողմից, հետևաբար՝ այդ վարկածները պետք է քննության ենթարկվեն քննչական մարմնի կողմից։

Ես չեմ ուզում կարծիք հայտնել, թե ինչպես եմ գնահատում Գագիկ Ջհանգիրյանի արտահայտությունները, քանի որ մենք հանձնախումբ ենք ձևավորել՝ անդամները ես եմ, Բեքմեզյանը, Մելիքջանյանը, Մակեյանը, մյուսի ազգանունը չեմ հիշում»,- շեշտեց նա։