Թուրքիան հակահրթիռային համալիրները և ռադարներն ուղղել է Սիրիայի կողմը


11:02 , 29 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Թուրք-սիրիական սահմանի մոտ՝ Հաթայ մարզում տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բերվել են բարձր ուժեղացված ռեժիմի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով «Իլհաս» թուրքական գործակալությունը:

Հաղորդվում է, որ զենիթահրթիռային համալիրները և ռադարներն ուղղվել են Սիրիայի կողմը: Նման միջոցներ են ձեռնարկվել սիրիական կողմից հավանական սպառնալիքների պատճառով՝ կապված Արևմուտքում Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու քննարկումների հետ: Նշվում է, որ ռադարային սարքերն աշխատում են մշտական ռեժիմով:

Թուրքիայի հետ սահմանին տեղակայված են մի քանի զենիթահրթիռային համալիրներ՝ «Հոուկ» հրթիռներով, որոնք կիրառվում են ինքնաթիռների և հրթիռների ոչնչացման համար, ինչպես նաև սարքեր՝ «Սթինգեր» հրթիռներով: Նշվում է, որ Սիրիայի կողմից սպառնալիքի դեպքում այդ համալիրները կգործարկվեն առաջին հերթին:

Չորեքշաբթի Թուրքիայի իշխանությունները զինված ուժերը բերել են մարտական բարձր պատրաստականության վիճակի: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են անել անհրաժեշտ ամեն ինչ՝ հանրապետության անվտանգությունն ապահովելու համար: