Ամեն ինչ անելու եմ, որպեսզի Դուք՝ Դավիթ Հրաչյայի, միշտ բոլորի մոտ հիշվեք Ձեր այս կայացրած դատավճռով. Նարեկ Մալյանը՝ սորոսականներին արդարացնող դատավորին


15:22 , 22 հունիս, 2022
Չնայած մեկ տարի առաջ հայտարարել էի, որ դադարեցնում եմ իմ հանրային գործունեությունը, սակայն սորոսական «Ռեստարտ» խուլիգանախմբի կողմից իմ նկատմամբ հարձակման և դրան հաջորդող իրավական գործընթացները և հատկապես դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից արդարացման դատավճիռը, կարծում եմ, կարիք ունի իմ կողմից հրապարակային մեկնաբանության:

Ինչպես արդեն հայտնի է, դատարանը՝ հանձինս դատավոր Դավիթ Հարությունյանի, կայացրել է սորոսական խմբի նկատմամբ արդարացման դատավճիռ: Ես նման գործընթացներում երբեք չեմ առաջնորդվում ռոմանտիկ լավատեսությամբ, հույսերով և ռացիոնալիզմի հետ կապ չունեցող զգացումներով: Ինձ հետ աշխատած մարդիկ գիտեն, որ իմ բոլոր գործողությունների մեջ դրված է սառը հաշվարկ և ռացիոնալիզմ: Անշուշտ, միամտություն կլիներ այսօրվա իրավապահ և դատական համակարգից ակնկալել ճնշումներից բացարձակ զերծ որոշումներ և գործընթացներ: Սպասելի էր, որ օտարերկրյա գործակալական ցանցը գործի կդնի ճնշումների իր ողջ զինանոցը՝ փորձելով իրեն ենթարկեցնել քննիչից մինչև դատավոր, իրավական ողջ սպեկտրը և կրկին արդարադատությունից դուրս դնելով իր գործակալներին: Ռեստարտ խմբի հետ ևս ամեն բան կարծես ասվել է: Խումբը իր ցուցմունքներում չի հրաժարվել իր հանցավոր արարքներից, սակայն երբեք չի զղջացել, ավելին՝ հրապարակային բազմիցս հայտարարել է, որ չի զղջում: Օլիգարխ Սորոսից ֆինանսավորվող այս խմբի հավաքագրման և ստեղծման նպատակը բռնության կիրառմամբ այլախոհներին լռեցնելն ու ցանցին չենթարկվող մարդկանց իրենց օրակարգը հարկադրելն է: Այս խմբի խղճին ավելի ծանր գործողություններ կան, քան իմ դեմ իրականացվածը: Օրինակ՝ գիտնական Արամ Սիմոնյանի հանդեպ խուլիգանական հալածանքները, որոնք հանգեցրեցին գիտնականի վաղաժամ մահվանը: Այս առումով իմ քեյսը առանձնապես որևէ բան չի ավելացնում:

Անկեղծ ասած՝ ակնհայտ էր, որ օտարերկրյա գործակալական ցանցը իշխանական իր լծակները կօգտագործի ու ի վերջո դատաիրավական շղթայի ամենաթույլ օղակը տեղի կտա ճնշումներին և կկատարի սորոսականների քմահաճույքը: Կրկնում եմ, ռոմանտիկ չեմ ու ի սկզբանե քաջ գիտակցում էի, որ գործակալներին իրավական գործընթացի որևէ փուլում ազատելու են իրենց կատարած հանցագործության համար պատասխանատվությունից: Ես միայն չգիտեի, թե դա կոնկրետ որ օղակը կլինի: Դատաիրավական շղթայի կոնկրետ որ օղակը տեղի կտա իրականում ահռելի ճնշումներին և իր վրա կվերցնի հանցագործներին պատասխանատվությունից ազատելու ամոթալի խարանը: Քննչական և դատախազական մարմինները անշուշտ իդեալական չաշխատեցին, բայց իրենց դեմքը փրկելու համար համաձայնվեցին սկզբնական թեթև հոդվածը (ծեծ) փոխել իրական հանցակազմով, որը ավելի ծանր հոդված էր (առևանգում): Նախաքննության ընթացքում իմ փաստաբանի ծանր աշխատանքի արդյունքում կարողացանք ապացուցել նաև հանցանքի կազմակերպված և խմբակային բնույթը: Նախաքննության ընթացքում մեղադրյալները իհարկե ստանում էին տարբեր բոնուսներ՝ օրինակ խափանման միջոց էր փոխվում, որպեսզի մեղադրյալները կարողանային մեկնել Թբիլիսի՝ հակառուսական ցույցերին մասնակցություն ունենալու նպատակով, սակայն բովանդակային առումով մեզ՝ ինձ ու իմ փաստաբանին հաջողվեց նախաքննության ընթացքում հսկայական աշխատանք իրականացնել: Պետական մեղադրող դատախազի նկատմամբ ևս առանձնապես վերապահումներ չունեմ, բացառությամբ այն բանի, որ մեղադրական ճառում մեղադրող դատախազը քաջություն չունեցավ իրական ազատազրկում պահանջելու այն սորոսականների համար, ովքեր չեն զղջացել և դատարանից խնդրեց կիրառել պայմանական պատժաժամկետ, ինչի իրավունքը չուներ, քանի որ ինչպես արդեն նշեցի, մեղադրյալները այդպես էլ չզղջացին:

Եվ այսպես, դատավոր Դավիթ Հարությունյանը կայացրեց սորոսական հանցախմբի արդարացման դատավճիռը: Դատավոր Դավիթ Հարությունյանը ապացուցված և չզղջած սորոսականներին արդարացնելուց հետո փորձեց իր այս դատավճռի պատասխանատվությունը իր ուսերից գցել դատախազության և նախաքննական մարմնի վրա: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, դատավորը որևէ կաշկանդվածություն չուներ արդարադատություն իրականացնելու և պատժելու հանցագործներին:  Դատավորի շրջապատից տարածվող արդարացումները, թե իբր գործը պատշաճ չի քննվել և այլն սուտ են, և նպատակ ունեն այս դատավճռի պատասխանատվությունից ազատել դատավոր Դավիթ Հարությունյանին: 

Այս ամբողջ պատմության մեջ ինձ համար կար միայն մեկ անակնկալ, դա այն էր, որ սորոսականների արդարացման դատավճռի պատասխանատվությունը դատաիրավական ամբողջ շղթայում իր վրա վերցրեց ԱԱԾ Գեներալ-Լեյտենանտ լուսահոգի Հրաչյա Հարությունյանի որդին: Հարգելի Դավիթ Հրաչյայի, Դուք պատմության մեջ արդեն մտաք որպես սորոսական հանցախումբը արդարացնող դատավոր: Սա ես չեմ ասում որպես մեղադրանք, կամ վիրավորանք: Ենթադրում եմ, որ կարծում եք՝ լավ բան եք արել և ճիշտ: Այդ առումով ես Ձեզ հետ համակարծիք չեմ, բայց ամեն ինչ անելու եմ, որպեսզի Դուք՝ Դավիթ Հրաչյայի, միշտ բոլորի մոտ հիշվեք Ձեր այս կայացրած դատավճռով:

Հ.Գ. Դավիթ Հարությունյանի բոլոր այն կոլեգաներին, ովքեր կցանկանան ինձ հետ այս հարցում վիճել, «Դավիթը մեղք չունի դատախազությունն է մեղավոր» ծիծաղելի արդարացումով, կարող են կապ հաստատել ինձ հետ: Սիրով բոլոր կապ հաստատողների հետ կխոսեմ իրավաբանության առաջին կուրսի գիտելիքներից և թայֆաբազության պետական վնասներից: Շնորհակալություն, միշտ ձեր՝ Մալյան:

Հ. Գ. Գեներալ Հրաչյա Հարությունյանի որդու կայացրած դատավճիռը անպայման բողոքարկվելու է:

Նարեկ Մալյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0d60b282f51576ce98b7e3c1f03aa23c?fbclid=IwAR2TO_4TlzQzdaTlUaOA1wS0Ky55Qq19FfPbQ7OZROdZW-FIryfRbzX-r_w

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»