Արթուր Նազարյանը և Նարինե Գալստյանը՝ ՀԲՖ-ի և SADA-ի համագործակցության մասին


15:16 , 21 հունիս, 2022

Armsport.am-ը գրում է․

«Սա մեկ ամսվա համագործակցություն չէ»,- SADA-ի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի համագործակցության մասին նշել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ նվիրված SADA Cup բասկետբոլի միջազգային մրցաշարին։

«SADA-ի ղեկավարությունը քաջ գիտակցում է բասկետբոլի զարգացման կարևորությունը Հայաստանում և աշխարհում։ Սա մեկ ամսվա համագործակցություն չէ։ Այն իր բնույթով բացառիկ է, և նպատակն է ամուր հիմքեր ստեղծելը։ Այս պահին համագործակցում ենք միայն ազգային հավաքականի մասով, սակայն այս մրցաշարերի ավարտից հետո քննարկելու ենք հետագա պլանները»,- տեղեկացնում է Նազարյանը։

«Շատ ուրախ եմ ներկայացնել SADA Cup-ը։ Ուրախ ենք, որ մեր արմատները կապում ենք և ամուր համագործակցության հիմք ենք դնում։ Հուսով ենք, որ Մալթայում մեր հավաքականը լավ արդյունքներ կգրանցի։ Մեր գլխավոր նպատակն է տղաների և աղջիկների ասպարեզում բասկետբոլի զարգացումը»,-նշում է SADA-ի մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը։

Հիշեցնենք՝  օրեր առաջ հայտարարվեց, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և SADA-ն ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ բասկետբոլի ազգային հավաքականի առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով: Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ն դարձավ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների (Մ16, Մ18 տղամարդկանց և Մ16, Մ20 կանանց) գլխավոր հովանավորը։

Երևանում կայանալիք SADA Cup-ին կմասնակցի չորս թիմ, իսկ մրցաշարը տեղի կունենա հունիսի 23-ից 26-ը։