Աղազարյան Հովիկի «տղամարդկային» խոսակցությունը


13:52 , 21 հունիս, 2022
Խոսելով Ջհանգիրյանի մասնակցությամբ խոսակցության ձայնագրության հրապարակման, ինչպես նաև գնահատական տալով կատարվածին՝ Աղազարյան Հովիկը դատապարտել է ձայնագրման հանրայնացումն ու հայտարարել, թե տղամարդկանց զրույց էր, ուստի այն հանրայնացնելու կարիք չկար:

Որ խոսակցության ձայնագրության հրապարակմամբ իշխանությունները չէին կարող շահագրգռված լինել, բնական է. այսպես խայտառակվել օրը ցերեկով աշխարհում ոչ մի իշխանություն առանձնապես չի երազում: Բայց այստեղ ուշագրավը Աղազարյան Հովիկի մտքի թռիչքի «բարձությունն» է, որը թերևս չի կարող հարցեր չառաջացնել:

Օրինակ՝ հարց է առաջանում, թե որքանո՞վ է կոնկրետ տվյալ պարագայում արդարացված ՔՊ-ականի այն թեզը, թե կարիք չկար՝ հանրայնացնելու, քանզի տղամարդկանց խոսակցություն է: Երկրի ճակատագրին առնչվող հարցերն արդյոք տղամարդկային-տղայական տիրութում գտնվող հարցե՞ր են, թե՞ դրանց դիապազոնը շատ ավելին է, քան որոշ ՔՊ-ականների «պանյատկաները» («Օմեգայի» տերը «պանյատկաներից» կխոսի՞): Հետաքրքիր է՝ Իլհամն ու Նիկոլն է՞լ են այսպիսի «տղամարդկային» զրույցներով Արցախը փոզմիշ արել: Քանի՞ այսպիսի «տղամարդկային» զրույցների արդյունքում է Հայաստանի դատաիրավական համակարգի հերն անիծվել, որի մեկնարկը տրվեց ՍԴ դեմ Նիկոլի՝ տղամարդուն ոչ բնորոշ հարձակմամբ: Երևի հենց նման «տղամարկային» զրույցների արդյունքում է Գռզոն որոշել դառնալ թրքահայաստանի թիվ մեկ օլիգարխը՝ այդ մասին նախնական պայմանավորվածության հանգելով թուրքերի հետ «տղամարկային» առանձնազրույցներում: Տեսնես է՛լ քանի՞ «տղամարդկային» զրույցների են ունկնդիր դառնալու երևանյան ռեստորանների պատերը՝ Հայաստանի վերջնական կործանումը գլուխ բերելու:

Հեղափոխություն կամ իշխանափոխություն անելիս երիտհեղափոխականները խոստանում էին գերթափանցիկ պետական համակարգ, այնինչ տարիներ անց պետք է պարզվեր, որ այն «մութ անտառ» է, ինչը զարմանալի չէ. գողերն ատում են լույսը: