Աննան կդատի՞ Նիկոլին


15:06 , 17 հունիս, 2022
Հայաստանը կարող է շուտով նոր գլխավոր դատախազ ունենալ, այն էլ՝ գեղեցիկ սեռի: Ինչպես հայտնի է, ՔՊ-ն որոշել է Վարդապետյան Աննայի՝ Նիկոլի իրավական հարցերով խորհրդատուի թեկնածությունն առաջ քաշել՝ փոխարինելու Դավթյան Արթուրին, որը, նկատենք, իր պաշտոնում բավական հնազանդորեն է ծառայել Փաշինյանի Նիկոլին:

Թե ինչու է նման որոշում կայացվել, ավելի լավ կիմանան թերևս իրենք՝ ՔՊ-ականները, բայց ակնհայտ է, որ նոր նշանակումը տեղի է ունենալու լրիվ նորհայաստանյան ոճի մեջ. Աննայի կարյերային աճն աննախադեպ կարող է լինել, ինչը, մի կողմից, խոսում է նմանօրինակ հարցերում իշխանությունների անլուրջ մոտեցման մասին, մյուս կողմից՝ այն քաղաքականության, որ այժմ տարվում է Նիկոլի կողմից. ողջ պետական համակարգը լցնում է բացառապես իր մարդկանցով՝ սնված բացառապես ՔՊ-ական կերակրատաշտից, որ, մարդ ես, հետո հարցեր չառաջանան:

Ինքը՝ Վարդապետյան Աննան, հայտարարել է, թե չի վարանի հարկ եղած դեպքում դատել Նիկոլին՝ ընդգծելով, որ ունի բավարար պրոֆեսիոնալ հատկանիշներ՝ պատասխանատվության տակից պատվով դուրս գալու համար: Կլինի՞, արդյոք, Աննային հավատացող, եթե նկատի առնենք նորհայաստանյան այն ռեալները, որ արագորեն արմատավորվեցին մեր իրականությունում. դատախազն էլ է Նիկոլը, դատարանն ու արդարադատությունն էլ, իսկ կոնկրետ այս նշանակման իմաստը թերևս սեփական միանձնյա գերիշխանությունը ամրապնդելու Նիկոլի ցանկությունն է:

Միաժամանակ նկատենք, որ Նիկոլը դատվելու տեղ, իհարկե, շատ ունի. Նիկոլից բացի Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, որն ավելի շատ հանցանք ու մեղք գործած լինի: Հետևաբար, եթե Աննան ասում է, որ ինքը չունի կաշկանդվածություն՝ հարկ եղած դեպքում Նիկոլին դատելու, ապա հանրությունն առնվազն իրավունք ունի՝ Աննայից ակնկալելու Նիկոլի՝իրավական ճանապարհով անհապաղ չեզոքացում:

Թան էլ չէ, բրդած մածուն…