Անդոնները Հայաստանի համար գերեզմանային խաղաղություն են նախապատրաստում՝ չհանդուրժելով բոլոր նրանց, ովքեր չեն տեղավորվում այդ օրակարգում


18:16 , 14 հունիս, 2022

Լաոյի թշնամին

Ընդդիմությանը մեղադրելով «Զարթնի՛ր լաոյի» իմաստը խեղաթյուրելու համար՝ Անդոնը հայտարարել է՝ կոչը, որն ուղղված է արտաքին թշնամու դեմ պայքարում ոգեղենության բարձրացնմանը, ընդդիմությունն օգտագործում է քաղաքական նպատակներով՝ ներքին թշնամանք հրահրելով իշխանությունների դեմ: Ըստ Անդոնի՝ Հայաստանի խնդիրը խաղաղության օրակարգին հետևելն է՝ բացառելով ցանկացած սադրանք, իսկ ա՛յ ընդդիմությունը սադրում է՝ «Լաո» գոռալով, ինչը կարող է հանգեցնել պատերազմի:

Անդոնն արդեն վախեցնում է: Նա ինչ-որ բա՞ն գիտի ու չի՞ ասում, սիրտն ինչ-որ բա՞ն է վկայում, բայց թաքո՞ւն է պահում, թե՞ հասարակությունը բախվում է հերթական դատարկ ցինիզմին՝ պարտավորված լինելով շան տեղ չդնել Անդոնին:

Անդոնն, իհարկե, սկզբունքորեն ոչ մի նոր բան չի ասում. նման սպառնալիքներ ու զրպարտանքներ առաջին անգամ չէ, որ հնչում են Անդոնի բերանից, և այդ աումով նրա խոսքերում ոչ մի ազդեցիկ բան էլ չկա, սակայն վախեցնողն այն է, որ բացառված չէ, որ Անդոնը կամաց-կամաց հիմքեր է ստեղծում՝ գուցե անխուսափելի պատերազմը ընդդիմության վզովն անելու համար: Կամ գուցե ուղղակի դատարկ-դատարկ սպառնում ու հորինում է, որպեսզի կանխի հասարակության կոնսոլիդացիան փողոցային պայքարի շուրջ:

Բոլոր դեպքերում Անդոնի մեսիջը շատ հստակ է, և այն ամբողջությամբ տեղավորվում է թուրք-ադրբեջանական շահերի ծիրում: Անդոնները Հայաստանի համար գերեզմանային խաղաղություն են նախապատրաստում՝ չհանդուրժելով բոլոր նրանց, ովքեր չեն տեղավորվում այդ օրակարգում: