Հայ-իրանական «տուրուդմփոց» Աբովյանի «Գոլդ» բարում պարող հայ աղջկան ծեծելու պատճառով


22:43 , 28 օգոստոս, 2013

1in.am- գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Ստեփան Ստեփանյանի և Գևորգ Բնյանի գործի դատավարությունը:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Աբովյան քաղաքի 26-ամյա բնակիչ Ստեփան Ստեփանյանը, փողոցում հանդիպելով ընկերոջը՝ 25-ամյա Գևորգ Բնյանին, զբոսնել է հետը, ապա գարեջուր խմելու նպատակով գիշերվա ժամը 1-ին երիտասարդները մտել են Աբովյան քաղաքի «Գոլդ» բար-սրճարան:

Բարում, նրանցից բացի, երեք հաճախորդ է եղել՝ Երևանի բնակչուհի Արուսյակ Չ.-ն՝ Իրանի քաղաքացիներ Մուհամմադի ու Ամինի հետ: 

Ստեփանն ու Գևորգը նստել են բարի սրահում, գարեջուր են պատվիրել ու խմել: 

Որոշ ժամանակ անց Արուսյակը սեղանի մոտից վեր է կացել, գարեջրի շիշը ձեռքին, բարում միացրած երաժշտության ներքո պարային շարժումներ անելով՝ մոտեցել է մերկապարուհիների համար նախատեսված ձողին, սկսել է շորերով պարել: 

Ստեփանն ու Գևորգը «անտարբեր» չեն մնացել՝ իրանցիների համար պարող կնոջը տեսնելով, անհարկի «մեկնաբանություններ» են արել Արուսյակի ու նրա պարի վերաբերյալ:

Արուսյակը դատարանում հայտնել է, որ բարում օգտագործած ալկոհոլի ազդեցությամբ իր տրամադրությունը բարձրացել էր, պարելու ցանկություն էր առաջացել: Ինքը չի հիշում՝ ձեռքին գարեջրի շի՞շ է եղել, թե՞ բաժակ, երբ մոտեցել է ձողին ու սկսել է պարել: Լսելով իրեն ու իր պարը քննարկող երիտասարդների խոսքերը՝ վիրավորվել է, ասել է, թե ինքը պրոֆեսիոնալ պարուհի չէ, կարող են իրեն չնայել: Ցանկացել է վերադառնալ իրենց սեղանի մոտ, բայց կոպիտ խոսքեր է լսել ու ձեռքի տարայի գարեջուրը լցրել է ռեպլիկներ անող երիտասարդների վրա:

Վերջիններս անակնկալի են եկել ու զայրացել: Ստեփանը բռունցքով հարվածել է Արուսյակի դեմքին, կինը վայր է ընկել: Բարի աշխատակցուհին նրան անմիջապես տարել է լվացվելու: 

Այդ ընթացքում Արուսյակին հարվածած տղաներին են մոտեցել կնոջ իրանցի ընկերակիցները: Տուրուդմփոց է սկսվել, Ստեփանն ու Գևորգը ծեծել են նաև իրանցիներին, ջարդվել է բարի ապակեղենը, խախտվել՝ բնականոն աշխատանքը:

Բռնցքահարվածի հետևանքով Արուսյակի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Ըստ մասնագիտական եզրակացության՝ վերքի ապաքինումից հետո կգոյանա կայուն սպի:

Իրանի քաղաքացիներ Մուհամմադի ու Ամինի ստացած վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Նախաքննական մարմինը Ստեփանի ու Գևորգի արարքը որակել է որպես խուլիգանություն՝ զուգորդված տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելով:

Պարզվել է, որ Ստեփան Ստեփանյանը, բացի «Գոլդ» բարում կատարած խուլիգանությունից, նաև գողություն էր կատարել Աբովյանի «Նարե» գեղեցկության սրահից, իսկ Գևորգը, պարտքուպահանջային վիճաբանության պատճառով ինքնիրավչություն կատարելով, հարազատ մորաքրոջ տնից որոշ ապրանքներ էր վերցրել՝ Ռուսաստանից մոր ուղարկած գումարների դիմաց:

Ընդհանուր իրավասության դատարանը Ստեփան Ստեփանյանին վերջին հաշվով դատապարտել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի փետրվարի 17 -ից: 

Գևորգ Բնյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման և 300 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի ապրիլի 14-ից: