Փառուխի աշխարհաքաղաքական կոնտեքստը


19:42 , 10 հունիս, 2022

Փառուխի աշխարհաքաղաքական կոնտեքստը


Լայն արձագանք է ստացել ոչ միայն Լավրովի՝ Փառուխի մասին Երևանում արած հայտարարությունը, որին ի պատասխան Բաքվից հնչեցին, ըստ էության, սաստող հայտարարություններ, այլև դրանից հետո ՌԴ ԱԳՆ կողմից Լավրովի հայտարարության գրավոր խմբագրումը՝ տալու դրան առավել ադրբեջանահաճո տեսք:

Թե՛ Լավրովի երևանյան հայտարարության վերաբերյալ Բաքվի արձագանքը, թե՛ դրան հետևած ՌԴ ԱԳՆ քայլը բավական խոսուն դրվագ են ոչ միայն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, այլև առհասարակ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների ներկա մակարդակի, բնույթի ու սուբորդինացիոն որոշակի նրբությունների վերաբերյալ:

Ի՞նչ է ցույց տալիս կատարվածը: Կատարվածը նախ փաստում է այն մասին, որ Բաքուն, ստանալով Թուրքիայի աջակցությունը, փորձում է Մոսկվայի հետ խաղը կառուցել բացառապես սեփական շահի ագրեսիվ պաշտպանության դիրքերից՝ չվարանելով սեփական պայմանները թելադրել Կրեմլին՝շատ լավ իմանալով առնվազը ներկա պահին իր կեցվածքի կարևորությունը ՌԴ-ի համար՝ պայմանավորված առաջին հերթին Ուկրաինական ճգնաժամով: Բաքուն կարծում է, որ ի վիճակի է ստիպել Մոսկվային խոսել այնպես ու այն թեմաների շուրջ, որոնք ձեռնտու են անձամբ իրեն: Հակառակ պարագայում նույն Ադրբեջանը ՌԴ մեջքից կարող է հասցնել այնպիսի հարված, որը կարող է թանկ արժենալ Ռուսասանին: Ասենք կարող է հիշել 44-օրյա պատերազմում Ուկրաինայի ցուցաբերած աջակցությունն ու սկսել նավթ մատակարարել այդ երկրին, ինչից ներկայումս կարծես ձեռնպահ է մնում՝ չնայած որդեգրած ակնհայտ ուկրաինամետ կեցվածքին: Գումարած սրան՝ Մոսկվան, չփչացնելով հարաբերություններն Ադրբեջանի հետ, որի հետ, ի դեպ, փետրվարին կնքել էր ռազմավարական դաշինք, հույս ունի հասնել նրան, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայումը կրի շարունակական բնույթ՝ լավ հասկանալով, որ ցանկության դեպքում Բաքուն կարող է կարճ ժամանակ անց առաջ քաշել դրանց հեռացման հարցը:

Մյուս կողմից՝ հարց է՝ թե արդյոք Ռուսաստանի համար նիկոլական Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները բավարար հի՞մք են՝ Ադրբեջանին նեղացնելու, թե՞ ոչ՝ նկատի ունենալով ՔՊ-ական ողջ վերնախավի էությունն ու կեղծավորությունը: Մի պարագայում, երբ իրենք՝ հայկական իշխանությունները, խոսում են խաղաղության անայլընտրանքայնության մասին ցանկացած գնով, իսկ անդոնները շտապում են հայաստանյան ճանապարհները գցել Ադրբեջանի գրպանը, Մոսկվան չի կարողանալու հայկական խաղաքարտը թուրքերի դեմ բանեցնել: Ավելին՝ արևմտյան հովանավորչությամբ հայկական կողմի խաղաղասիրության, թուրքական պահանջների բավարարմանը միտված այս կեցվածքի աշխարհաքաղաքական կոնտեքստը հենց դա է՝ Մոսկվային հայկական խաղաքարտից զրկելը:

Արդյունքում՝ վտանգվում է Արցախը, վտանգվում է արցախցիների անվտանգությունը, հայկական շահերը դադարում են գոյություն ունենալ:

Հիմա բոլորը մտածում են՝ ինչպես հաճոյանալ Ադրբեջանին, որ կարողանան իրենց վերահսկողության տակ պահել Կովկասը. Արցախն ու արցախցին մանրադրամ են դարձել՝ կաշառելու Իլհամին: