«Արցախի խորհրդարանական բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները հրաժարվել են հանդիպել Էդմոն Մարուքյանի հետ». Արցախի ԱԺ պատգամավոր


23:19 , 8 հունիս, 2022

Pastinfo.am-ը գրում է.

«Թե կոնկրետ ի՞նչ նպատակով է Փաշինյանի հատուկ հարցերով հանձնակատար Էդմոն Մարուքյանը ժամանել Արցախ, մենք չգիտենք, տեղյակ չենք և չէինք էլ կարող տեղյակ լինել, որովհետև Ազգային Ժողովի բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները՝ «Արդարություն» խմբակցությունը, Դաշնակցություն և «Ազգային ժողովրդավարություն» կուսակցությունները մերժեցին նրա հետ հանդիպումը»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Արցախի ընդդիմադիր՝ «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։

Վերջինս պարզաբանել է՝ այսօր Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ, եթե ոչ թշնամաբար, ապա՝ շատ վատ է վերաբերում բոլոր այն անձանց, ովքեր չեն կարողանում, կամ չեն ցանկանում հստակ բարձրաձայնել այն մասին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Մենք գտնում ենք, որ, Արցախի վերաբերյալ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից լրացուցիչ որևէ ապացույց կամ մեկնաբանություն մեզ այլևս պետք չէ, որովհետև վաղուց, արդեն, վստահ ենք, որ այս իշխանությունները, համենայն դեպս, այս պահի դրությամբ, ոչ հայանպաստ քաղաքականություն վարելով, նշաձողն այնքան են իջեցրել, որ հասել են ոչ թե կարմիր գծերին, այլ, արդեն, հատակին, ուստի, նման գործառույթ իրականացնող իշխանության հանձնակատարի հետ հանդիպումը, կարծում եմ, որևէ արդյունք չէր կարող տալ։ Վերջին հաշվով, մենք գիտենք, թե իրենք ինչ են մտածում, իրենք էլ գիտեն, թե մենք ինչ են մտածում այս ամենի մասին»,- ասել է Հակոբ Հակոբյանը։

Խոսելով այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիայի մասին, որով արցախցի երիտասարդները դիմավորել էին Արցախ ժամանած հատուկ հարցերով հանձնակատար Էդմոն Մարուքյանին, ակնկալելով նրանից լսել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Հակոբ Հակոբյանը նկատում է. «Ինչ վերաբերում է այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիային, ապա տեղյակ եմ, որ արցախցի երիտասարդները ցանկացել էին հարցադրումներ ուղղել Մարուքյանին, այդ թվում նաև՝ ստանալ վերոհիշյալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք Մարուքյանը համամի՞տ է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սակայն, նրանք այդպես էլ Մարուքյանից չէին ստացել իրենց հուզող այդ հարցի պատասխանը։

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում կազմակերպված ակցիայի մասնակիցները Էդմոն Մարուքյանի՝ ակցիայի վայրը լքելուց հետո վանկարկել էին հողատու, դավաճան վանկարկումները։