Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մերձեցրել են դիրքորոշումները Հրվ. Կովկասում սահմանային, մաքսային հսկողության հարցերի շուրջ. ՌԴ կառավարություն


12:17 , 4 հունիս, 2022
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստի շրջանակում քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության հարցերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժի  շուրջ:

«2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ասված է ՌԴ կառավարության կայքի հայտարարությունում:

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների վերաբերյալ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով կապահովի տրանսպորտային կապն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

«Կողմերը կշարունակեն աշխատել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։