16:14 , 28 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելեին Սիրիայի շուրջ ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ:
Վերջին օրերին բավական ակտուալ է դարձել Արեւմուտքի կողմից ռազմական միջամտության հարցը: Այս կապակցությամբ Բժեզինսկին ասել է. «Իմ կարծիքով, եթե ռազմական միջամտություն արվի, դա պետք է լինի ավելի լայն ռազմավարության մաս, հակառակ դեպքում յուրացման նման պատժիչ պատասխան կլինի, սակայն մի՞թե դա կլուծի խնդիրը: Կա՞ արդյոք ռազմավարություն խնդիրը լուծելու համար: Ո՞վ է ռազմավարության մաս կազմում եւ ով՝ ոչ: Սրանք են այն հարցերը, որոնց շուրջ մարդիկ պետք է մտածեն նախքան ռազմական գործողություններ ձեռնարկելը»:
Նախկին խորհրդականի խոսքով, սիրիական խնդիրը Մերձավոր Արեւելքում ընդվզման ավելի լայն դիլեմայի մի մասն է: Այդ ընդվզման լուծումը չի կարող ամբողջովին հիմնված լինել ռազմական ուժի վրա եւ ոչ էլ բացառապես կախված լինի արեւմտյան ուժերից:
«Ես ցնցված եմ, այն բանից, թե ինչ պատրաստակամությամբ են Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հանդես գալիս ռազմական գործողությունների օգտին: Ես նաեւ հիշում եմ այն փաստը, որ այդ երկու պետությունները նախկինում իմպերիալիստական եւ գաղութարար ուժեր էին այս տարածաշրջանում: Գերազանցապես Արեւմուտքի եւ որոշ դեպքերում նախկին գաղութարար երկրների վրա հիմնված ուժային քաղաքականությունը խոստումնալից ուղի չէ տարածաշրջանային խնդիրները լուծելու համար»,- ասել է նա:
Հարցին, թե ինչ նկատի ունի Բժեզինսկին ռազմական գործողությունների համար ավելի լայն կոալիցիա ասելիս, քաղաքագետը պատասխանել է.
«Կարծում եմ առնվազն Թուրքիան պետք է ուղիղ եւ բաց կերպով ներգրավվի, եթե դա տեղի ունենա: Պետք է նաեւ համաձայնություն եւ աջակցություն լինի այն ուժերից, որոնք կախված են Մերձավոր Արեւելքում կայունությունից»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Բժեզինսկին ասել է. «Ռուսաստանի համար խելամիտ դեր կլինի միջազգային հանրությանը միանալը համատեղ մի շարք չափանիշներ որոշելու համար, որոնք վերաբերում են ոչ միայն Սիրիայի խնդրին, այլ նաեւ Իրանի միջուկային ծրագրին, ինչպես նաեւ իսրայելա-պաղեստինյան խնդրի կարգավորմանն աջակցելուն:Այս ամենը պետք է լուծում ստանա ավելի լայն համատեքստում եւ ոչ թե միայն Արեւմուտքի կողմից ռազմական պատասխանով, առավել եւս, որ արեւմտյան երկրների մի մասը ոչ կառուցողական պատմական փորձ ունի տարածաշրջանում»:
Բժեզինկսու կարծիքով, Օբամայի վարչակազմը կցանկանար ստանալ ՄԱԿ թույլտվությունը Սիրիայում գործողություններ սկսելու համար, սակայն մտահոգված է, որ այդ ջանքերի վրա վետո կդնեն Ռուսաստանն ու Չինաստանը: «Իմ առաջարկն այն է, որ պետք է լուրջ ու լայն քննարկումներ սկսվեն այն երկրների հետ, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդվել բռնության էսկալացիայի հետեւանքներից: Խնդիրն այն է, որ սա ավելի լայն հարց է, քան Սիրիան է եւ այն չի կարող մոտեցում ստանալ որպես զուտ սիրիական խնդիր: Եվ երկրորդ, պատասխան գործողությունները նույնիսկ այնպիսի բարոյական լուրջ խախտման համար, ինչպիսին է քիմիական հարձակումը, պետք է ավելի լայն ռազմավարական նպատակների մի մասը լինի, այլ ոչ թե զուտ պատժիչ գործողություն:
Ես լայն ռազմավարական համատեքստ չեմ տեսնում ռազմավարական միջամտության համար: Ես մտահոգված եմ, որ գործողության մասնակիցները՝ Ամերիկան եւ նախկին գաղութարար ուժերը, շատ նեղ են մտածում: Կարծում է դա անմիջապես քաղաքական խնդիր է ստեղծելու»: