Ալիևն առայժմ չի կարողացել Եվրոպայում հասնել «Զանգեզուրի միջանցքի»՝ որպես էքստերիտորիալ ճանապարհի ռեալիզացմանը նույնիսկ տեսական մակարդակով


16:37 , 1 հունիս, 2022

«Զանգեզուրի միջանցքը» չեղարկվում է. ադրյո՞ք

Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակ Բարենթ Լեյթցը նախագահի անունից հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ, ուր տեղ են գտել կարևոր ձևակերպումներ:

«Միակցվածության հնարավորությունները հատկապես քննարկվել էին մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Ցավալի է, որ շահարկումներ են արվում հակառակի շուրջ»,-մասնավորապես՝ ասված է հայտարարության մեջ, ուր նաև շեշտվել է այն, որ Միշելի՝ առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ մայիսի 22-ի հայտարարությունը չպետք է մեկնաբանել որպես աջակցություն՝ քննարկումների որևէ կանխորոշված ելքի:

Հայտարարությունից մեջբերված այս երկու հատվածները վկայում են հետևյալի մասին.

1) Ալիևն առայժմ չի կարողացել Եվրոպայում հասնել «Զանգեզուրի միջանցքի»՝ որպես էքստերիտորիալ ճանապարհի ռեալիզացմանը նույնիսկ տեսական մակարդակով,
2) Միշելի հայտնի հայտարարությունները՝ համեմված նաև շատ կոնկրետ հակահայկական տարրերով, դոգմատիկ բնույթ չունեն ու չեն ուրվագծում հետագա բանակցությունների հիմնական տրամաբանությունն ու ելքը:

Հայտարարությունն, իհարկե, հայկական կողմի համար դրական կետեր է պարունակում, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ այն որոշակի դրական ֆոնը, որ այժմ նկատվում է Եվրոպայից հնչող հայտարարություններում, ամրագրման կարիք ունի. եթե Հայաստանը շարունակում է կռացած գլխով Ադրբեջանի հետ բանակցել, եթե հանդես է գալիս «Մեր ուժը մեր թուլության մեջ է» հայտնի, բայց անհասկանալի սկզբունքով, եթե բանակ չի ունենում ու եթե կապիտուլյացիա ստորագրած իշխանություններին չեն փոխարինում նոր, ազգային ուժեր, դժվար է պատկերացնել, որ ապագայում Ադրբեջանը կարող է ինչ-որ կերպ զսպվել: Աշխարհաքաղաքական շահն այնպիսի բան է, որ եթե վաղը նույն Եվրոպայի շահերից բխի Երևանը թուքերին տալն, անելու են:

Մյուս կողմից՝ չնայած արտատարածքային ճանապարհների թեման ջրվում է՝ պայմանավորված տարածաշրջանում ու աշխարհում որոշ պետությունների հետարքրոթյուններով ու հակազդեցությամբ, սակայն եթե Հայաստանը բացում է իր դարպասները թուրքերի առաջ բոլոր պարագաներում, ինքնին միջանցքի հարցը ձեռք է բերում մեկ այլ երանգ: Սկզբի համար Մեղրիով կգնան-կգան, հետո ճանապարհի հարակից վայրերում,հարող գոտիներում օբյեկտներ կսարքեն, բենզալցակայներ և այլն, հետո քիչ-քիչ կգան ու կտեղավորվեն Հայաստանի հարավում, իսկ մի գեղեցիկ օր էլ Ալիևը կհայտարարի, որ Հայաստանի հարավն իրենցն է, և վե՛րջ: Ահա և քեզ՝ միջազնցք: