«Հոգատար» ոստիկանը


14:53 , 1 հունիս, 2022

«Հոգատար» ոստիկանը

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը՝ Նիկոլի միլիցեն, թերթերից մեկին տված հարցազրույցում ավետել է իր՝ ԱԺ պատգամավորի մտադրության մասին՝ առաջարկելով բարձրացնել ոստիկանների աշխատավարձերը: «Ոստիկանը միշտ պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք»,-հայտարարել է Խաչատրյանը օրերս 2,5 մլրդ դրամ ոստիկաններին որպես պարգևավճար բաժանված գումարի ֆոնին ու համոզմունք հայտնել՝ դա այդքան էլ շատ չէ:

Թե կոնկրետ որքան կբարձրացնեն ոստիկանների աշխատավարձերը, կարծես չի նշվում: Հարցը, սակայն, ոչ թե ոստիկանի, ուսուցչի, բանվորի կամ հանքաարդյունահանողի լավ կամ վատ ապրելն է, այլ այն, թե ինչո՞ւ է հենց ոստիկանների նկատմամբ աննախադեպ հոգատարություն դրսևորվում: Հարցադրումն, իհարկե, միամիտ է հնչում, բաց լավ կլիներ, որ դրան պատասխաներ ամեն մի ՔՊ-ական պատգամավոր: Խնդիրը ոստիկանի աշխատանքի արժևորմա՞ն, թե՞ իշխանությունը պահելու մեջ է, իսկ գուցե մեկը մյուսի՞ց է բխում. չլինի մեկը, մյուսն ուղղակի հօդս կցնդի:

Մյուս կողմից՝ ինքնին լավ աշխատանք ասվածն է պետք «զաշիֆռովկայի» ենթարկել՝ հասկանալու չափորոշիչները: Օրինակ՝ ցուցարարներին դաժանաբար ծեծելը, գլուխն ասֆալտին սեղմելն ու խեղդե՞լն է լավ աշխատանքի ցուցիչ, թե՞ երկրում քրեածին իրավիճակի վերահսկելիության մակարդակը: Նորմալ երկրներում, անկակսած, երկրորդ տարբերակն է որոշիչ նշանակություն ունենում համակարգին առնչվող որոշումներ ընդունելիս, սակայն մեզ մոտ բոլորովին հակառակն է. աշխատավարձերը ցանկանում են բարձրացնել, պարգևավճարներն էլ միալիարդների են հասցնում բացառապես մեկ պատճառով՝ սեփական աթոռի պաշտպանության՝ թքած ունենալով երկրորդ հանգամանքի վրա:

Հայաստանը ոստիկանական պետություն է, և միանգամայն բնական է, որ իշխանության ողնաշարը կազմողները պետք է վարձատրվեն ու ապրեն ըստ պահանջի, չէ՞ որ իշխանությունը նաև զոհեր է պահանջում: