14:59 , 28 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ոլորտի հասցեին հնչող քննադատություններին՝ նշելով, որ դրանց 90 տոկոսն անհիմն են: Նա նշեց, որ անհիմն քննադատողներին հին ու բարի խորհրդային ժամանակներում առնվազն տգետ կանվանեին: «Ձեզանից լավ ես գիտեմ համակարգի պրոբլեմները: Եթե ուզում եք պրոգրես տեսնել, կարևորել առաջընթացը, խրախուսեք հաջողության պատմությունները, վերցրեք փոքրիկ հաջողության պատմությունների հերոսներին, որոնց կողքին գրեք վատը, ասեք՝ սա լավն է, քան ֆակուլտետ բ-ն կամ գ-ն: Ես էլ երբեմն ձեր պատանդն եմ դառնում, ձեր հարցերի 90 տոկոսը նեգատիվ են, ես սկսում եմ խոսել բացասական երևույթների մասին»,- ասաց նա:
Արմեն Աշոյանը միաժամանակ նշեց, որ ինքն էլ շատ գոհ չէ կրթության ոլորտից: Նա նշեց, որ 12-ամյա կրթությունը շտկման կարիք ունի, ուսուցիչները վերապատրաստվելու կարիք ունեն, սակայն վաղ է խոսել 12-ամյա կրթական համակարգի որակի մասին, քանի որ ոչ մի շրջանավարտ դեռ չի եղել:
«Մենք չենք կարող ասել, որ ունենք շատ որակյալ կրթություն, բայց չենք կարող ասել, որ ունենք շատ վատ և անորակ բարձրագույն կրթություն: Մենք ունենք շատ տարբեր բարձրագույն կրթական ծրագրեր, ունենք բուհեր, ֆակուլտետներ, որոնց մատուցած կրթական ծրագրերը ամոթ չեն ներկայացնել արտերկրում: Դրանց կողքին ունենք կրթական ծրագրեր, որոնց պիտանիության ժամկետն անցել է, կրթության կազմակերպման ձևեր, որոնք այլևս պիտանի չեն»,- ասաց նա: