FLYONE ARMENIA-ն ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչք իրականացնելու թույլտվություն


20:38 , 30 մայիս, 2022
Armenpress.am-ը գրում է.
FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է Երևանից դեպի Լիոն և Փարիզ ուղիղ կանոնավոր չվերթերի իրականացումը՝ ամառային թռիչքային շրջանի ամբողջ ընթացքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում FLYONE ARMENIA ավիաընկերությունը խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ թռիչքների երթուղու մի մասն անցնում է Թուրքիայի Հանրապետության օդային տարածքով և ավիաընկերությունը ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչքն իրականացնելու (owerflight) թույլատվությունը։ 

«Երևան- Ստամբուլ- Երևան չվերթերն իրականացվում են անխափան՝ շաբաթական երեք թռիչք հաճախականությամբ։  Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրի լուծման հարցում գործուն միջամտության համար։»,-նշեց Արամ Անանյանն՝ ավելացնելով, որ անելու են հնարավորը թռիչքների անխափան ընթացքն ապահովելու համար:

Ավելի վաղ «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից վերսկսում է Երևան - Լիոն - Երևան,  Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:  Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան  կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին: