Հետայսու պետք է արձանագրել, որ միջնամատ ցույց տալը ոչ թե հայհոյանք է, այլ՝ «հաղթանակի» նշան


18:19 , 30 մայիս, 2022

Մի միջնամատի պատմություն

Կայքերից մեկի ձեռքի տակ է հայտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր՝ ոստիկաններին տված ցուցմունքը՝ կապված հայտնի ժեստի հետ, երբ տիկին Մարիան ընդդիմության երթի ժամանակ սեփական տան պատշգաբից թքել ու միջնամատ էր ցույց տվել երթի մասնակիցներին՝ դրանով արտահայտելով իր հույժ բացասական վերաբերմունքը ընդդիմության շարժման հանդեպ:

Պարզվում է՝ միջնամատը անպարտելիության պատմական ժեստ է, իսկ ինչ վերաբերում է ցուցարարների վրա թքելու դրվագին, Մարիա Հովհաննիսյանը հայտարարել է, թե ընդամենը ձևացրել է,որ թքում է՝ իրականում չթքելով: Ի դեպ՝ Ոստիկանությունը մերժել է Ալեն Սիմոնյանի մոր դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը:

Սա, իհարկե, խայտառակություն է և խայառակություն է համապետական մասշտաբի՝ հաշվի առնելով տիկին Մարիայի ով լինելը: Փաստորեն՝ հետայսու պետք է արձանագրել, որ միջնամատ ցույց տալը ոչ թե հայհոյանք է, այլ՝ «հաղթանակի» նշան, և եթե ինչ-որ մեկն այսուհետ ցանկանա ընդգծել իր անձնական կամ նույնիսկ սեփական պետության ունեցած հաղթանակը ցանկացած մարտադաշտում, պետք է ոչ թե ասենք կանգնեցնի զինվորի, որևէ հրամանատարի արձանը կամ կառուցի հուշարձան, այլ քանդակի հոմոսապիենսի միջնամատ պատկերող արձանն՝ այն տնկելով ուզած վայրում: Կարճ ասած՝ չերչիլյան հայտնի ժեստին փոխարինելու է գալու ալենյան ժեստը՝ ինքնատիպ ու ցցուն:

Ինչ վերաբերում է քրգործ հարուցելու մերժմանն, ապա դա միանգամայն բնական է. բա է՛լ ո՞ր օրվա համար է Ալենը լույս աշխարհ եկել…